ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Սևանա լճի բուռն «ծաղկումը» շարունակվելու է նաև հուլիսին. կանխատեսում են մասնագետները

Սևանա լիճը վտանգված է, բնապահպաններն ահազանգում են տարիներ շարունակ: Խնդիրն առավել ցայտուն է դառնում հենց այս ամիսներին. լճում հանգիստն անցկացնել ցանկացողները շատ են, մտահոգվողները՝ քիչ, ասում են լճի ճակատագրով մտահոգ մասնագետները:

Ինչո՞ւ է ծաղկում լիճն այս տարի, պատճառներն ու եզրակացությունները տարբեր են:

Նախորդ շաբաթ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձավ խնդրին, ասաց՝ աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ, առաջնահերթ խնդիրն ախտորոշումն է:

Մինչդեռ մասնագետները լճի ծաղկման պատճառները գիտեն, առաջարկում են նաև լուծման տարբերակներ:

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց, որ այս տարի ևս, ինչպես նախորդ տարի, կանխատեսում են լճի բուռն ծաղկում:

Ջրի մակարդակի տատանումները, կլիմայական փոփոխությունները լճի ջերմային ֆոնի բարձրացման, հետևաբար նաև ծաղկման պատճառ են դառնում, ասում են մասնագետները: Սակայն պատճառները դրանով չեն սահմանափակվում:

Աղմուկն օրինաչափ է, իրավիճակը՝ խիստ մտահոգիչ, ասում է բանապահպան Կարինե Դանիելյանը և ընդգծում՝ սա հետևանք է այն խնդիրների, որոնց մասին տարիներ շարունակ բարձրաձայնվել է:

Ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանն էլ ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, որ խնդրի մեծ մասը մարդու գործունեության հետևանք է:

Ինչպես զսպել Սևանի ծաղկումը՝ մոտ ապագայում քաղցրահամ լճի փոխարեն մամռակալած ճահիճ չունենալու համար. հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն առաջարկում է բարձրացնել ջրի մակարդակը, նաև լիճը մաքրել օրգանական նյութերից՝ ձկների, ինչպես նաև հատուկ նյութի միջոցով:

Բնապահպանները ևս առաջարկում են լուծման իրենց տարբերակները:

Մինչ նախարարությունից հավաստիացնում են, որ լճի ախտորոշումը վստահված է միջազգային փորձագետներին, տեղի մասնագետները հայտնում են իրենց դժգոհությունը:

Նշենք, որ նախորդ շաբաթ աղմուկ բարձրացավ, թե լճի ջուրը խմելու պատճառով անասուններ են անկել, մասնագետները չշտապեցին կարծիք հայտնել՝ նշելով, որ ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

Ավելին
Back to top button
Close