Նորություններ

Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:

Տիկին Յակոբը ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր` նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը: «Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական կապերը զարգացնելու գործում»,- ասել է Խալիմա Յակոբը` ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը և հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին: «Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող ևս մեկ փաստ է: Մենք ջերմությամբ ենք հիշում նաև Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը:

ՀՀ վարչապետը և Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին և ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգևորիչ է համարել Սինգապուրի փորձը և կարևորել երկկողմ համագործակցության ակտիվացումը:

«Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ և թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական և բանկային համակարգը կայուն է:

Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:

 

Ավելին
Back to top button
Close