ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հայաստանն դիպչել է իմ սրտին. իտալացի քանդակագործ Լորենցո Քուինն իր քանդակը Հայաստանում տեղադրելու մտադրություն ունի

Հանրահայտ իտալացի քանդակագործ Լորենցո Քուինը բավականին տպավորված է հեռացել Հայաստանից։

«Հայաստանն իսկապես դիպչել է իմ սրտին և ոգեշնչել ինձ»,- ասում է քանդակագործը։

Լորենցո Քուինը Հայաստանում էր «Նարեկացի» արտ-նախագծի հեղինակ Յուլիաննա Պարակշիևայի հրավերով։ Յուլիաննան և քանդակագործը Հայաստանում միասին աշխատում են մի շարք նախագծերի իրականացման վրա, քննարկվում է նաև վերջինիս քանդակը Հայաստանում ցուցադրելու հնարավորության հարցը:

«Լորենցո Քուինի աշխատանքներով վաղուց եմ հետաքրքրված։ Իտալիայում առավել մոտիկից եմ ծանոթացել նրա քանդակներին, շփվել վերջինիս հետ։ Առավել տպավորված նրա աշխատանքով՝ անմիջապես մտածեցի՝ ինչո՞ւ չհրավիրել նրան Հայաստան ու մեր երկրում մշակութային ծրագրեր չիրականացնել։ Շատ ուրախացա, երբ Լորենցոն ընդունեց առաջարկս: Հիանալի ու բավականին մշակութային լի օրեր ենք անցկացրել Հայաստանում»,- նշում է Յուլիաննա Պարակշիևան։

Եռօրյա այցի ընթացքում վերջինս ճանաչողական այցեր է կատարել ՀՀ-ում՝ լինելով Դիլիջանում, Էջմիածնում՝ ծանոթանալով հայկական մշակույթին։

«Սա պարզապես հիանալի երկիր է, որտեղ այնքան շատ բան կա բացահայտելու: Ես շնորհակալ եմ հյուրընկալ և առատաձեռն Յուլիաննա Պարակշիևային՝ այս հիասքանչ երկիրն ինձ ցույց տալու համար»,- նշում է Լորենցո Քուինը։

Քանդակագործի մասնակցությամբ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել նաև հանրային քննարկում՝ «Ինչպե՞ս է ձևավորվում քաղաքային միջավայրը  հանրային արվեստի միջոցով, և ինչպե՞ս է ժամանակակից արվեստն անդրադառնում ստեղծագործական ներուժի վրա» խորագրով:

Իտալացի քանդակագործին հյուրընկալել է նաև նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահը ողջունել է արվեստագետի առաջին այցը Հայաստան: Նա նշել է, որ մշտապես բարձր է գնահատել քանդակագործի հոր՝ Էնթոնի Քուինի դերասանական վարպետությունն ու ֆիլմերում կերտած կերպարները:

«Մենք հիանալի հանդիպում ունեցանք նախագահի հետ, ինձ համար մեծ պատիվ էր։ Նա ֆանտաստիկ և շատ մշակութային է։ Մենք մի քիչ խոսեցին իմ հայրիկի, իմ անցյալի, ինչպես նաև՝ ապագայի ծրագրերի մասին, որոնք ունենք Հայաստանում և աշխարհում»,- հանդիպման մասին ասում է քանդակագործը։

Հայաստանից մեկնելիս վերջինս Instagram-ի իր պաշտոնական էջում խորհուրդ է տվել մարդկանց Հայաստանը ներառել պարտադիր այցելությունների ցանկում։

Ավելին
Back to top button
Close