ՆորություններՍպորտ

Սպասված հաղթանակ, թե՞ սենսացիա․ Բրազիլիան ու Պերուն կորոշեն՝ ով է թագավորելու հարավամերիկային ֆուտբոլում

Ամենասկանդալային, ամենակրքոտ ու ամենաշատ անակնկալներ ապահովող մրցաշարը մոտենում է ավարտին։ 74 738 հանդիսական տեղավորող լեգենդար «Մարականա» մարզադաշտն այսօր հյուրընկալելու է Ամերիկայի Գավաթի խաղարկության եզրափակիչը։

Քչերն էին կասկածում, որ մրցաշարը հյուրընկալող Բրազիլիան կհասնի եզրափակիչ, իսկ ահա Պերուն իսկական անակնկալ մատուցեց՝ 44 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։ Պերուացիներն արդեն իսկ իրենց գլխից բարձր են ցատկել, սակայն եզրափակչում ընդգծված հետնապահի հաղթելու ցանկությունն ու կամքը գուցե օգնեն ևս մեկ ցատկ կատարել․․․

Եզրափակիչ տանող ճանապարհը

Տիտեի ֆուտբոլիստները մրցաշարի ընթացքում արդյունավետ էին ինչպես հարձակման գծում, այնպես էլ պաշտպանությունում։ Նախորդ 5 հինգ խաղերում նրանք ոչ մի պարտություն չեն կրել՝ հիմնական և լրացուցիչ ժամանակում սեփական դարպասն անառիկ պահելով:

Խմբային փուլում բրազիլացիները հաղթել են Բոլիվիային (3-0), նույն Պերուին (5-0) և գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել Վենեսուելայի հետ։ Պենտակամպեոնները որոշակի դժվարություններ ունեցան Պարագվայի հետ քառորդ եզրափակչում, որում հաղթանակ տարան միայն 11-մետրանոց հարվածաշարի միջոցով։

Կիսաեզրափակչում բոլորն ակնկալում էին, որ Բրազիլիան ու Արգենտինան ֆուտբոլային տոն կպարգևեն, ինչի փոխարեն ականատես եղանք բրազիլացիների սկանդալային հաղթանակին՝ 2-0։ Չնայած արգենտինացիների չդադարող բողոքներին ու մեղադրանքներին՝ փաստն այն է, որ Բրազիլիան վերջին 12 տարվա դադարից հետո Ամերիկայի Գավաթը նվաճելու իրական հնարավորություն ունի։

Այսօր Բրազիլիային չի օգնի Վիլիանը, որը վնասվածք է ստացել կիսաեզրափակչում։ Մեծ հարցականի տակ է նաև Ռիշարլիսոնի մասնակցությունը։ Սակայն այս խնդիրները Տիտեի համար գլխացավ չեն առաջացնի, քանի որ Բրազիլիան բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի բոլոր գծերում։ Ո՞վ չէր ցանկանա Ֆիլիպե Լուիսի, Ալանի, Ֆերնանդինյոյի կամ Դավիդ Ներեսի նման ֆուտբոլիստներ ունենալ պահեստայինների նստարանին։

Պերուացիները մրցաշարը սկսեցին Վենեսուելայի հետ գոլազուրկ ոչ-ոքիով, ապա 3-1 հաշվով հաղթեցին Բոլիվիային և ջախջախիչ պարտություն կրեցին այսօրվա ֆավորիտից՝ 0-5։ Ուրուգվայի հետ քառորդ եզրափակչից առաջ թվում էր, թե «ինկերի» համար մրցաշարն ավարտված է, սակայն ինչ-որ հրաշքով հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ որոշիչ եղան պերուացիների դիպուկությունն ու Լուիս Սուարեսի վրիպումը։ Սա դեռ ամենը չէր, մեզ սպասվում էր ևս մեկ սենսացիոն հաղթանակ կիսաեզրափակչում։ Պերուն 3-0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Չիլիին։

«Ինկերը» 2 անգամ հաղթել են Հարավային Ամերիկայի Գավաթի խաղարկությունում, սակայն այն ժամանակներում մրցաշարն այլ ձևաչափով է անցկացվել։ 1935 թվականին պերուացիները չեմպիոնություն ձևակերպեցին՝ պարզապես հաղթելով խմբային փուլում, իսկ 1975 թվականին Կոլումբիայի հետ 3 եզրափակիչ եղավ․ արտագնա խաղում պարտություն՝ 0-1, հաղթանակ պատասխան խաղում՝ 2-0 և նվազագույն հաշվով հաղթանակ Կարակասում կայացած երրորդ եզրափակչում։Հենց այդ ժամանակվանից Պերուն դուրս չէր եկել Ամերիկայի Գավաթի եզրափակիչ։

Հանդիպումներ

Բրազիլիան և Պերուն միմյանց դեմ խաղացել են 28 անգամ, «պենտակամպեոնները» տոնել են 19 հաղթանակ, «ինկերը»՝ 3, ևս 6 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։ Խփած և բաց գոլերի տարբերությունը ևս խոսուն է․ 59-18՝ հօգուտ Բրազիլիայի։ Միայն Ամերիկայի Գավաթի շրջանակում մրցակիցները հանդիպել են 18 անգամ, Բրազիլիան տոնել է 12 հաղթանակ, Պերուն՝ 3, 3 խաղում էլ հաղթողը չի որոշվել։

Վիճակագրությունը, պատմությունն ու հավաքականների մակարդակները խոսում են այն մասին, որ այսօր Բրազիլիան պատմության մեջ 9-րդ անգամ կնվաճի Ամերիկայի Գավաթը։ Բրազիլիան Ամերիկայի Գավաթը հյուրընկալում է 5-րդ անգամ, իսկ նախորդ դեպքերում (1919, 1922, 1949, 1989) չեմպիոնն են դարձել հենց տանտերերը։

Բրազիլիայի համար վերջին տարիների խոշոր մրցաշարերը ցավալի ելք են ունեցել, «դեղինները» դուրս են մնացել չեմպիոնական պայքարից ինչպես Ամերիկայի Գավաթում, այնպես էլ Աշխարհի առաջնություններում։ Այժմ խորհրդանշական է, որ եզրափակիչը կայանալու է «Մարականայում՝» բրազիլացիների համար ֆուտբոլային տաճարում։ Ավելի խորհրդանշական կլինի, եթե հենց այստեղ տիտղոս նվաճելով՝ Բրազիլիայի հավաքականը փորձի մեղմել երկրպագուների ցավը։ Այսօրվա հավանական հաղթանակը մոռացության չի տա անցյալի անհաջողությունները, սակայն կապահովի 2007 թվականից ի վեր առաջին խոշոր տիտղոսը, կվերականգնի երկրպագուների վստահությունն ու նոր էջ կբացի բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ։

Միևնույն ժամանակ, Բրազիլիան չպետք է թույլ տա այն, ինչին տարբեր տարիների բազմիցս ականատես ենք եղել՝ թերագնահատել մրցակցին։ Թերագնահատված Պերուն նման վերաբերմունքի համար երկու ֆավորիտի արդեն դուրս է թողել պայքարից, և ո՞վ գիտի՝ գուցե ժամեր անց երրորդ սենսացիային ականատես լինենք։

armsport.am

Ավելին
Back to top button