ՆորություններՍպորտ

Սկանդալ Ամերիկայի Գավաթում. Մեսին հրաժարվել է ստանալ բրոնզե մեդալը և մրցավարներին մեղադրել կոռուպցիայի մեջ

Ամերիկայի Գավաթի մրցաշարում՝ երրորդ տեղի համար պայքարում Արգենտինայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Չիլիին և նվաճեց բրոնզե մեդալները: Սակայն հանդիպման գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ 38-րդ րոպեին, երբ արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսին և Չիլիի հավաքականի պաշտպան Գարի Մեդելը սկսեցին վիճաբանել և իրար հրմշտել: Թեպետ վիճաբանությունը կոպիտ բնույթ չէր կրում, սակայն գլխավոր մրցավար Մարիո Դիասը երկու ֆուտբոլիստներին հեռացրեց դաշտից: Դա Մեսիի երկրորդ կարմիր քարտն էր 2005 թվականից ի վեր, երբ նա նորամուտը նշեց հավաքականում:

Մեսին բոյկոտել է պարգևատրման արարողությունը՝ պարզաբանելով, որ Ամերիկայի Գավաթում խիստ դժգոհ է մրցավարությունից:

«Ես չեմ գնացել մեդալ ստանալու, քանի որ չէի ցանկանում լինել այս կոռուպցիայի և անարգանքի մասնիկը, որը առկա էր մրցաշարի ողջ ընթացքում:

Մենք ավելիին էինք արժանի, սակայն մեզ թույլ չտվեցին խաղալ եզրափակիչում: Կոռուպցիան և մրցավարները մարդկանց թույլ չեն տալիս վայելել ֆուտբոլը, որը նման գործողություններով տակնուվրա է լինում», ասել է Մեսին:

Ի պատասխան Մեսիի, Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ քննադատել է Մեսիի պահվածքը:

«Անթույլատրելի է, որ մրցաշարում, որին մասնակցում են 12 թիմ և բոլորը հավասար պայմաններում են, միջադեպերի արդյունքում անհիմն մեղադրանքներ են ներկայացվում: Դրանք չեն համապատասխանում իրականությանը և կասկածի տակ են դնում Ամերիկայի Գավաթի ամբողջականությունը:

Դա անհարգալից վերաբերմունք է մրցաշարին, դրան մասնակցող խաղացողներին, ինչպես նաև մեր կազմակերպությանը, որը մշտապես աշխատում է զարգացնել հարավամերիկյան ֆուտբոլը, դարձնել այն թափանցիկ և պրոֆեսիոնալ», նշված է կոնֆեդերացիայի հայտարարության մեջ:

Ավելին
Back to top button