Նորություններ

Բժիշկները պայքարում են երիտասարդ աղջկա կյանքի համար. Թորոսյանը մանրամասներ է հայտնում

Առողջապահության նախարարը խոսել է Արարատի մարզում տեղի ունեցած սարսափելի վթարի հետևանքով տուժած անձանց մասին։

Արարատի մարզում վթարից տուժած 12 անձանցից 4–ն Արարատի բժշկական կենտրոնում բուժօգնություն ստանալուց հետո գնացել են տուն, 1 երեխա և 1 տղամարդ շարունակում են բուժում ստանալ և նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որն այցելել է հիվանդանոցներ տեղափոխված վիրավորներին։

Եվս 1 տուժող գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքում, 1 երեխա` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, 4 տուժող` այրվածքաբանության կենտրոնում, որոնցից մեկն առաջիկայում կտեղափոխվի «Արմենիա» ԲԿ։

«Այրվածքաբանության կենտրոնում մնում են 3-ը, որոնցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Բժիշկները պայքարում ն նրա կյանքի համար։ Մեկի վիճակը ծանր է, երրորդինը` միջին ծանրության։ Ամեն ինչ անում ենք, որ ունենանք դրական արդյունքներ»,– ասաց Թորոսյանը։

Նախարարի խոսքով` առավել ծանր վիճակում գտնվողը երիտասարդ աղջիկ է։

Թորոսյանը հաստատեց` ներկա պահին վթարի զոհ դարձածների թիվը 6-ն է։ Վերջնական տվյալներ կհրապարակվեն ավելի ուշ, երբ կճշտվեն նրանց անձնական տվյալները։

Հիշեցնենք` հուլիսի 6-ին Արարատի մարզում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է մահացել։

Տուժածների թվում երեք երեխա կա, որոնցից մեկը 7 տարեկան է, մյուս երկուսը` 12 և 13 տարեկան։

armeniasputnik.am

Ավելին
Back to top button