Նորություններ

Դեպորտ Եվրոպայից՝ քաղցկեղով․ «Փրկվելու և գոյատևելու հույս մենք չունենք»․ Հայաստանում 20 տարում նորահայտ քաղցկեղի դեպքերն աճել են 78%-ով. MediaLab.am

Մխիթարյանների ընտանիքի համար Գերմանիայից Հայաստան արտաքսումը ավարտվել է ողբերգությամբ. արյան քաղցկեղով հիվանդ 32-ամյա Արմենը վերադառնալուց 60 օր անց մահացել է:

«Նա քաղցկեղի վերջին, ամենածանր փուլում էր, սակայն Գերմանիայի իշխանությունները նրան ասել են՝ ոչինչ չենք կարող անել, ու հարկադիր վերադարձի են ենթարկել»,- «Մեդիալաբին» ասում է «Հայկական Կարիտասի» միգրացիա և զարգացում ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը:

«Հայկական Կարիտասը» դեպորտ եղած հայերի համար երկար բաժանումից հետո հայրենիքին կամրջող ու հայրենիքում վերաինտեգրող օղակներից մեկն է: Կազմակերպության դարակներում եվրոպական տարբեր երկրներից հարկադիր վերադարձված բազմաթիվ մարդկանց հաստափոր գործերն են՝ ծանր, հաճախ էլ ողբերգական պատմություններով։

Լուսինե Ստեփանյանն ասում է, որ Հայաստանից հեռացող մարդկանցից շատերը հայրենիքում բուժման ճանապարհներ չգտնող, դժվարությունների հանդիպող, սոցիալական ծանր կարիքի մեջ հայտնվողներն են։

«Նրանք վաճառում են տուն-տեղ ու հեռանում: Գերակշիռ մասը ծանր հիվանդությունից ու հատկապես քաղցկեղից բուժվելու համար է հեռանում երկրից»,- ասում է Ստեփանյանը:

Ըստ առողջապահության ազգային ինստիտուտի տվյալների, վերջին 20 տարիներին Հայաստանում քաղցկեղով հիվանդացության նոր հայտնաբերված դեպքերը աճել են ավելի քան 78%-ով։

Եթե կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 1997-ին կազմել է 4709, 2007-ին այդ թիվը հասել է 7294-ի, իսկ 2017-ին՝ 8389-ի:

100.000 բնակչին բաժին ընկած հիվանդացության վիճակագրության համաձայն, 20 տարվա ընթացքում այդ թիվն աճել է ավելի քան 126%-ով՝ 124,4-ից հասնելով 281,6-ի։

Սակայն, պատկերն ամբողջանում է, երբ ծանոթանում ենք դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թվին, որը 20 տարվա կտրվածքով աճել է ավելի քան 113%-ով։

Եթե 1997-ի վերջին դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը կազմել է 20.602, 2007-ին այդ թիվը կազմել է՝ 28.439, իսկ 2017-ին՝ 43.830:

ՀՀ յուրաքանչյուր 100.000 բնակչի հաշվով այդ թիվը 20 տարում աճել է ավելի քան 171%-ով՝ 1997-ի 543.4-ից, 2017-ին հասնելով 1474.4-ի։

Ուռուցքաբան Գևորգ Թամամյանը «Մեդիալաբին» ասում է, որ մարդիկ քաղցկեղը բուժելու համար առավելապես եվրոպական երկրներ են մեկնում, քանի որ Հայաստանում որոշ ախտորոշիչ կամ բուժական միջամտություններ ուղղակի հնարավոր չէ անել:

«Որոշ դեպքերում մարդիկ գնում, հանձնվում են եվրոպական երկրներ որպես փախստական, որովհետև դեղորայք է անհրաժեշտ լինում, որը, ցավոք, մեր երկրում կա՛մ չկա, կա՛մ հնարավորություն չունենք տրամադրելու տվյալ հիվանդին: Գնում հանձնվում են, որ այդ երկրում հնարավոր լինի բուժումն իրականացնել»,- ասում է բժիշկ Գևորգ Թամամյանը:

Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած «Անի Հայկունի» քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամի հիմնադիր Անի Հայկունին նշում է, որ Հայաստանում քաղցկեղի արագ ախտորոշման, ինչպես նաև բուժման ոլորտում լրջագույն խնդրներ կան։

«Մենք ունենք խնդիր՝ քաղցկեղի տեսակներ կան, որոնք մեր երկրում չեն կարողանում նորմալ բուժել՝ չկան համապատասխան հնարավորություններ, սարքավորումներ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ: Մեկ պատճառ չէ, այլ ընդհանուր համակարգային պատճառ է: Նույնիսկ եթե մասնագետը լավն է, փայլուն, միևնույն է՝ նա չունի համապատասխան տեխնիկան, սարքավորումները, որոնք կօգնեին նրան: Մարդը հասկանում է, որ այստեղ չկա որակյալ բուժում ու մեկնում է երկրից: Իսկ գումար չունեցող մարդը ախտորոշումն իմանալուց հետո անմիջապես է մեկնում և, եվրոպական երկրներում ստանալով փախստականի կարգավիճակ, մնում է ու բուժվում անվճար»,- նշում է Անի Հայկունին:

Քաղցկեղը բուժելու հույսն էլ հենց Գերմանիա էր տարել Օսյանների ընտանիքին: 44-ամյա Նաիրա Օսյանի ամուսնու՝ Ահարոն Օսյանի մոտ 2014-ին արյունաբանական կենտրոնում ախտորոշել են քրոնիկական լեյկոզ ու ասել՝ երկու ամսվա կյանք ունի:

«Մենք բարեկամներով քննարկեցինք, և մեր բժիշկ ծանոթ-բարեկամները խորհուրդ տվեցին մեկնել Գերմանիա: Դե, մենք էլ տունը վաճառեցինք ու գնացինք 2014-ին՝ լուրն իմանալուց անմիջապես հետո»,- ասում է Նաիրան:

Մանրամասները՝ MediaLab.am-ում:

Back to top button
Close