Նորություններ

Մարտունիում կենդանիներ են անկել. «Լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են»

Zona Positive ֆեյսբուքյան էջը հուլիսի 4-ին Գեղարքունիքի մարզում սատկած կենդանիներից լուսանկարներ էր հրապարակել եւ գրել.

«Դեպքը տեղի է ունեցել Մարտունի քաղաքում, Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռչել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:

Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել…»:

Սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը հայտնել է, որ դեպքերը իրենց վերահսկողության տակ են:
«Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: 
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները»,-նշել է Ավետիսյանը: 

Նա նաեւ հայտնում է, որ այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց.

«Կապտականաչ ջրիմուռները կանաչ վիճակում չեն կարող կենդանիների անկման պատճառ դառնալ։ Դրանք վեգետացիոն շրջանից հետո (նրանց կյանքը կարճ է՝ 10-15օր), մահանալուց հետո կարող են տոքսիկ նյութեր արտադրել»:

Հիշեցնենք՝ կառավարության  նիստից հետո լրագրողների հետ զրույցում  շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշել էր, որ Սևանի ջրի «կանաչելը» հետևանք է մի քանի գործոնների, որոնք հնարավոր է վերացնել, բայց կան նաև ոչ մարդկային գործոններ։

«Մարդկային գործոնը դա կեղտաջրերի, անտառապատ տարածքների, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է, կոմունալ կենցաղային կեղտաջրեր, ցանցավանդակ, գյուղատնտեսություն, անասնապահություն, հատակային  նստվածքներ։ Եվ մի քանի խնդիրներ կան, այսինքն՝ ավելի լայնածավալ ուսումնասիրություններ կիրականացվեն, կհայտնաբերվեն, թե հիմնական աղբյուրները որոնք են, և գործողություններ կիրականացվեն»:

 

Ավելին
Back to top button
Close