Նորություններ

ԱԳ նախարարը հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանին

Հայաստանին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի աշխատանքային այցն Արցախ մեկնարկեց հուլիսի 4-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմամբ:

Ողջունելով ՀՀ ԱԳ նախարարին` Արցախի նախագահը կարևորեց նմանօրինակ պարբերական հանդիպումների անցկացումը, որն լավ հանարվորություն է ընձեռնում՝ ամփոփելու նախորդ շրջանում կատարած համատեղ աշխատանքները և նախանշելու հետագա անելիքները: «Ես նաև տեղեկացնեմ համանախագահների հետ իմ հանդիպման մասին, և, ինչպես միշտ, ցանկանում եմ, որպեսզի դուք տեղյակ լինեք Արցախի զարկերակի մասին, ոչ միայն քաղաքական, այլ ընդհանրապես՝ տնտեսական, հանրային կյանքի զարգացումների հետ կապված»,- նշեց Արցախի նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց. «Իսկապես մեր այս կանոնավոր աշխատանքը, կանոնավոր երկխոսությունը չափազանց մեծ նշանակություն ունի, որովհետև մենք այս ամենով կարողանում ենք համադրել և միասնական դիրքորոշումների մեջ շատ ավելի հստակ զգալ միմյանց մոտեցումները: Սա ինձ համար չափազանց կարևոր գործառույթ է, որովհետև այդ գործառույթն արտահայտվում է նաև անմիջապես բանակցային գործընթացում: Այս անգամ մեր այցը բավական հետաքրքիր է, և բավական հագեցած ծրագրով ենք այսօր միասին շատ կարևոր աշխատանք անելու: Ես կտեղեկացնեմ Ձեզբանակցային գործընթացի շրջանակներում այս շրջանի զարգացումները և այն նկատառումները, որոնք կապված են մեր հիմնական հարցի հետ, գալիք ծրագրերը և խնդիրները, որոնք ունենք մեր առջև»:

Նախարար Մնացականյանը և Բակո Սահակյանը քննարկեցին արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացին` երկուստեք ընդգծվեց խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդման, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Արցախի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը շեշտեցին Արցախի` որպես հակամարտության հիմնական սուբյեկտի որոշիչ ձայնի և ներգրավվածության կարևորությունը խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության ապահովման տեսանկյունից:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները:

Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ հարցերի։

Հանդիպման ավարտին ԱԳ նախարարը ճեպազրույց ունեցավ արցախյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Ավելին
Back to top button
Close