Նորություններ

Գործընկերություն՝ հանուն կարողությունների ընդլայնման

Հուլիսի 4-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց «Աղետների ռիսկերի կառավարման ազգային ծրագրին» տեխնիկական աջակցություն ցուցաբերելու առաքելությամբ Հայաստան ժամանած Համաշխարհային Բանկի՝ Տաֆաձվա Դուբիի գլխավորած աշխատանքային խմբին:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը, բարձր գնահատելով ՀԲ գործունեությունը մեր երկրում, նշեց, որ ՀԲ աշխատանքային խումբը հեղինակել է բազմաբովանդակ և ընդգրկուն հայեցակարգային փաստաթուղթ, որը վերաբերում է ԱԻՆ բոլոր գործառույթներին և ցանկություն հայտնեց այն դարձնել ավելի հասցեական՝ ընդգրկելով ԱԻՆ ներուժը, որպեսզի փոխգործակցությունը դառնա առավել արդյունավետ:

Տաֆաձվա Դուբին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանի և ԱՌԿ ու քաղաքային հարցերով Համաշխարհային բանկի տնօրեն Սամեհ Վահբայի Ժնևում կայացած հանդիպումը և նորաստեղծ փաստաթղթի նկատմամբ ունեցած նախարարի դրական վերաբերմունքը ոգևորիչ է:

Նա Հայաստանի արտակարգ իրավիճակներին արձագանքելու կարողությունները հասկանալու և գնահատելու համար առաջարկեց ՀԲ կողմից իրականացնել տեխնիկական առաջադրանք, որը կստուգի ԱԻ նախարարության և աղետներին առնչվող մյուս գերատեսչությունների ունակությունները:

Այս առումով, Տաֆաձվա Դուբին առաջարկեց դիտարկել որևէ երկրում ՀԲ կողմից իրականացված հաջողված փորձը:

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց իր դիտարկումը, ըստ որի, ցանկալի է, որ գործընթացն իրականացվի ՀԲ և ԱԻՆ մասնագետների ուժերով, քանզի հայկական կողմը լավագույնս տիրապետում է առկա խնդիրներին, գիտի բացերը և ունի ձևավորված նպատակ:

«Քանի որ ԱԻՆ ենք, պետք է ունենանք բոլոր գործիքներն ու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ են երկրում խնդիրների լուծման համար: Սա լավագույն և արդյունավետ ճանապարհն է: Հետևաբար՝ օրենքները պետք է համապատասխանեցվեն այս գաղափարաբանությանը»,- նշեց Ֆելիքս Ցոլակյանը:

Տաֆաձվա Դուբին համերաշխություն հայտնելով նախարարի մոտեցմանը՝ նշեց, որ ՀԲ ստեղծած փաստաթղթի նպատակը հայեցակարգային և համապարփակ մոտեցումն է աղետներին՝ պատրաստվածության և արձագանքման կարողություններն ընդլայնելու նպատակով:

 

Ավելին
Back to top button
Close