Նորություններ

Սևանա լճի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է. նախարար

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն,  անդրադառնալով Սևանա լճի կրկին  «ծաղկելու» խնդրին, հայտնեց, որ ջրում ճահճացած տարածքներն ամբողջությամբ ուսումնասիրվել են՝ 2 մասնագիտական խմբերով, դրոններով, տիեզերական պատկերներով։ Մոտ 770 հա տարածքի մասին է խոսքը, և այս տարի արդեն մաքրման մրցույթ է հայտարարված. «Կանենք ավելին, քան նախատեսված է։ 2020-2021 թվականներին այս ամբողջ տարածքը կմաքրվի», — ասաց Էրիկ Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ լճի «ծաղկմանը» նպաստող  գործոնները մի քանիսն են՝ ներառյալ մարդկայինը և գլոբալ տաքացումը։

Նախարարի հավաստմամբ՝ այս տարի Սևանի ջրառը շատ ավելի ցածր է, քան անցած տարի, բացի դրանից, ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ ավել ջրառ չի եղել, վստահեցրեց նա:

«Մեծ քանակի աղտոտումներ են իրականացվում, նաև կոմունալ-կենցաղային աղտոտումը, որն էականորեն ավելացել է։ Բացի դրանից, ջերմաստիճանը։ Տեղումները մայիսին բավականին քիչ են եղել Սևանի շրջանում, քամիների պատճառով մեծ գոլորշացում է եղել», — ասաց նախախարը։

Տեղեկացրեց, որ գերմանական մի ինստիտուտ և տեղական կենտրոնները գնահատումներ են իրականացրել, պետք է հաշվարկեն զարգացման սցենարն ու հիմնական վտանգները: Կառավարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի լճին կարգավիճակ տրվի, որը թույլ կտա գործողություններ իրականացնել ջրի որակի համար, մյուս կողմից՝ սոցիալ-տնտեսական պայմաններ է ստեղծում բնակչության համար:

Նախարարի խոսքերով՝ Սևանա լճի հետ կապված ամենակարևոր հարցը ախտորոշումն է, պետք է հասկանալ որոնք են աղտոտման աղբյուրները:

 

Ավելին
Back to top button