Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Այսօր` հուլիսի 4-ին, կլրանար Մհեր Մկրտչյանի 89-ամյակը: Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում։ Հայրը ծագումով մշեցի էր, մայրը՝ վանեցի։ Ծննդավայրում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականներին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, 1947 թվականին ընդգրկվել նույն թատրոնի հիմնական խմբում։
1953 թվականին նա տեղափոխվում է Սունդուկյանի անվան մայր թատրոն, սովորում Գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար` Վ. Վաղարշյան)։ 1959 թ-ին էլ ռեժիսոր Համասի Մարտիրոսյանը նրան հրավիրում է նկարահանվելու «01-99» կարճամետրաժ ֆիլմում, որտեղ էլ Մհեր Մկրտչյանը ստեղծեց հյութեղ մի կերպար, որը մինչև այժմ էլ հանդիսատեսը չի մոռանում։

Կերպարին ազգային դեմք ու դիմագիծ հաղորդելու կարողությունն ու էկրանի ճշմարիտ զգացողությունը Մհեր Մկրտչյանին հնարավորություն տվեցին դասվելու կինո արվեստի ինքնատիպ անունների շարքում։ Նրա բարձր մասնագիտացումն ու մյուս հատկանիշները հիանալի դրսեւորվել են Արսենի («Նվագախմբի տղաները»), Գասպարի («Եռանկյունի»), Իշխանի («Մենք ենք մեր սարերը»), Հայրիկի («Հայրիկ»), Ամիրոյի («Նահապետ»), Գրիգոր աղայի («Կտոր մը երկինք») դերերում։

Մհեր Մկրտչյանը «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), մինչդեռ դրսի կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվեց «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66»,«Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվեցին պետական բարձր պարգեւներով։

Ե´վ ծիծաղ, ե´ւ արցունք աչքերում, ուրախ ու խոհուն արվեստով, անեզր սիրո սահմաններով, ուրախ ու տխուր մարդ, մեր ժամանակների մեծագույն դերասան, մեր սիրելի Ֆրունզ, շարունակելու ենք սիրել քեզ ու գնահատել քո թողած ժառանգությունը:

Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Մհեր Մկրտչյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում և Գյումրիում, Երևանում՝ նրա տան պատին, տեղադրվել է հուշաքար (2003 թ., քանդակագործ՝ Ֆերդինանդ Առաքելյան), հուշարձաններ են կանգնեցվել Գյումրիում (2004 թ., քանդակագործ՝ Արա Շիրազ) և Վանաձորում (2010 թ., քանդակագործ` Արամ Մարգարյան):

Ավելին
Back to top button