Նորություններ

Ինչպե՞ս մաքրել հասարակությունը քրեական ենթամշակույթ կրողներից

«Քրեական միջավայր ստեղծելը, դրանում ներգրավվելն ու հարելը քրեականացնող օրինագիծ. իրավական գնահատականներ» թեմայով քննարկմանը բանախոսները՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը և ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանն անդրադարձան Արդարադատության նախարարության հեղինակած քրեական աշխարհին հարելը քրեականացնող նախագծին։

Այն իդեպ, հրապարակվել էր e-draft.am կայքում, սակայն որոշ ժամանակ անց հեռացվել է՝ լրամշակման պատճառաբանությամբ։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսպիսի օրենք ունենալն անհրաժեշտություն է համարում։

Ըստ նրա՝ նախագծով նոր իշխանությունն արձանագրում է, որ քաղաքական իշխանության՝ քրեական աշխարհի հետ սերտաճածության երևույթը, որն առկա էր նախորդ ժամանակահատվածում, այսօրվա արժեհամակարգի հետ առնչություն չունի։

«Ըստ էության այս կերպ հետևողական պայքար է մղվելու պետության ամբողջ համակարգը քրեական ենթամշակույթը կրողներից մաքրելու համար։ Սա կարևոր մեկնակետ է, որն ուղերձ է նաև սեփական թիմակիցներին, քաղաքական ուժերին՝ այլևս ընդունելի չի կարող համարվել որպես վարքագիծ քրեական աշխարհի հետ համագործակցությունը»,- նշեց Արթուր Սաքունցը։

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ հունիսի 27-ին նախարարությունն այս նախագիծն ուղարկել է կառավարություն։ Ըստ այդմ՝ քրեական միջավայր ստեղծելը, քրեական միջավայրում ներգրավվելն ու ենթամշակույթին հարելը համարվում են քրեորեն պատժելի արարքներ։

Արդարադատության նախարարությունից օրենքի նախագծի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի տրվում, քանի դեռ գործադիրում չեն սկսվել քննարկումները։

Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանն ընդգծեց, որ հասարակության համատարած քրեականացումն արգելակում է նույն հանրության զարգացումը։ Ըստ նրա՝ հանրությունն ինքնամաքրմամբ չէր կարող հաղթահարել խնդիրը, պետության մասնակցությունն անհրաժեշտություն է։

«Քիչ թե շատ բարեկիրթ երիտասարդությունը հայտնվել է քրեական վարքագիծ ունեցողների ճնշման ներքո։ Ավելի ցածր կարգավիճակ ենք տալիս այն տղաներին, որոնք ավելի ստեղծագործ են։ Հասարակական միջավայրում հարգանքը ձևավորվում է՝ ըստ քրեական աշխարհի պատկանելության։ Հասարակությունը առողջացնելու դաշտում է խնդիրը»,- ասաց Աղասի Թադևոսյանը։

Քննարկման ընթացքում ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակն ստացել ու ծանոթացել է նախագծի նախնական տարբերակին։

Նրա խոսքով՝ նախագծի հիմքում դրված գաղափարը ողջունելի է․ քրեական ենթամշակույթի դեմ պետք է մղել պայքար, սակայն այն իրավակիրառ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել՝ սկսած նրանից, թե ինչն է համարվում քրեական ենթամշակույթ, միջավայր։

Բացի այդ, ըստ Գոհար Սիմոնյանի, մեկ օրենսդրական կարգավորմամբ դժվար է պայքարել քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու դեմ։

«Քրեական ենթամշակույթը տարիների հետ եկած երևույթ է: Անհրաժեշտ է համալիր գործողությունների համակարգ: Քրեական ենթամշակույթը ծաղկում է այնտեղ, որտեղ անձինք ավելի հեշտությամբ են խնդիրները լուծում՝ դիմելով քրեական և ոչ թե օրինական լծակներին»,- ասաց Գոհար Սիմոնյանը։

ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ անձանց քրեակատարողական համակարգում հայտնվելը չի նպաստում քրեական ենթամշակույթից նրանց կտրելուն, հակառակը՝ ավելի է խորացնում առկա խնդիրները։

«Մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու արդարադատության համակարգում։ Պատժողական քաղաքականությունը լուծում չէ։ Քրեակատարողական հիմնարկում հայտնվող անչափահասների թիվը փոքր է, բայց մեր իրավական համակարգի խնդիրն է՝ աշխատանք կատարել այն անչափահասների հետ, որոնք օրենք են խախտել և դատարանը, անչափահասության համատեքստում, որոշել է պայմանականորեն պատիժը չկիրառել։ Ովքե՞ր են և ինչպե՞ս են աշխատում այդ մարդկանց հետ, անչափահասների հետ, ովքեր կատարել են հանցագործություն։ Արդյո՞ք կատարվում է բավարար աշխատանք, մարդուն այդ ենթամշակույթից դուրս բերելու համար։ Եթե մենք անձի հետ չենք տանում աշխատանք, մենք որոշակի ժամանակ անց, էլի ունենալու ենք մեր միջավայրում մի անձ, որը նույն ենթամշակույթի կրողն է»։

Արթուր Սաքունցն ընգծեց, որ քրեական մշակույթի, քրեական գործունեության համար ամենապարարտ ու նպաստավոր հանագամանքը կյանքի դժվարին պայմաններում հայտնվելն է։ Ըստ նրա՝ պետության կողմից քաղաքացու հանդեպ պարտավորությունների կատարման ցանկացած թերացում պարարտ հող է ոչ իրավական, ոչ լեգիտիմ խմբավորումների համար իրենց գործողությունն իրականացնելու առնչությամբ։

Որպես ամփոփում՝ բանախոսները նշեցին, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առնաչությամբ որոշակի գործողություններ է պետք կատարել նաև իրավապահ համակարգում։

Նրանց խոսքով՝ իրավապահ մարմնի ներկայացուցչի՝ քրեական հեղինակության հետ նույն սեղանի շուրջ նստելն արդեն պետք է ազդակ լինի նրան հեռացնելու համար։

Բանախոսների խոսքով՝ նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են քրեական ենթամշակույթին հակազդելուն, չպետք է լինեն այդ ենթամշակույթի կրողները։

Ավելին
Back to top button