Նորություններ

Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ.

«Ամփոփելով ամիսը. ինչպես գիտեք, հունիսի 13-ին Բրյուսելում արտաքին գործերի նախարար Մնացականյանի և ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի համանախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Հունիսի 17-ին Երևանում տրվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Հունիսի 18-20-ը Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախարար Մնացականյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձրաստիճան մի շարք ղեկավարների հետ: Իսկ հունիսի 20-ին, ինչպես տեղյակ եք, կայացել է հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովի հետ: Օրերս նաև Հայաստանում էր Մալթայի ԱԳ նախարարը, որի այցը, բնականաբար, բոլորդ լուսաբանել եք, և այցի ամփոփումը եղել է արտգործնախարարների կողմից համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Հունիսի 28-ին մենք տեղեկացրել էինք, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ: Քանի որ լինում են բավական մեծ քանակությամբ հարցումներ, ուղղակի ցուցակն ամբողջությամբ ներկայացնեմ: Մինչ այժմ ԵՄ անդամ երկրներից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական գործընթացն ավարտելու մասին ԵՄ խորհրդին արդեն իսկ տեղեկացրել Է ԵՄ անդամ 13 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան և Սլովակիան: Կիպրոսի հետ միասին համաձայնագիրը վավերացվել է նաև Գերմանիայի Բունդեսթագի, Չեխիայի Պատգամավորների պալատի, Շվեդիայի խորհրդարանի կողմից և անցել է վավերացման հաջորդ փուլին:

Հունիսի 28-ին Հայաստանը, հավատարիմ մնալով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և իր ստանձնած միջազգային հանձնառություններին, նախաձեռնել էր ս.թ. մարտի 16-ին ապօրինաբար ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու հանձնումը Ադրբեջանին, և նշյալ քաղաքացին հանձնվել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին և Ադրբեջանի իշխանություններին: Սա եղել է Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունը՝ միջազգային մարդասիրական նորմերից ելնելով, և այս նախաձեռնությանը Հայաստանը գնացել է առանց որևէ նախապայմանի: Նույն օրը ադրբեջանական իշխանությունների կողմից Հայաստանի ԿԽՄԿ ներկայացուցիչներին և Հայաստանի իշխանություններին է փոխանցվել 2017թ. չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:

Նախարարի առաջիկա օրակարգի մասով նշեմ, որ վաղը՝ հուլիսի 4-ին արտաքին գործերի նախարարն աշխատանքային այց է կատարելու Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենալու Արցախի ղեկավարության հետ: Հուլիսի 9-ին ԱԳ նախարար Մնացականյանը Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այնտեղ նախատեսված են նաև շփումներ մի շարք գործընկերների հետ: Հուլիսի 10-ին ԱԳ նախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված Բաթումիի 16-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու համապատասխան ելույթով: Այժմ որոշ պարզաբանումների հետ կապված: Ինչպես գիտեք, հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ, մասնակցելու հրավեր, ի շարք այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև ՀՀ պատվիրակությունը: Եվ այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ երաշխիքներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը և խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ: Մենք այս հարցի առնչությամբ մշտական կապի մեջ ենք եղել քարտուղարության հետ, և քարտուղարության կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները:

Սակայն ի հեճուկս գործադրված ջանքերի՝ միջոցառումից 2 օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում, ըստ էության, Ադրբեջանը, հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ՝ ՀՀ պատվիրակության անարգել մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար: Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ «Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացումը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրությունը հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ:

Մյուս մեկնաբանությունը նույնպես ՅՈՒՆԵՍԿՕ-ին է վերաբերում: Ադրբեջանական մամուլում որոշակի տեղեկատվություն շրջանառվեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախ փորձագիտական առաքելություն ուղարկելու վերաբերյալ: Այս առնչությամբ մենք թեև արել ենք պաշտոնական հայտարարություն, բայց դեռևս շահարկումներն այս թեմայի շուրջ շարունակվում են, ուստի նշեմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչը, լուրը հրապարակվելուն պես, անմիջապես կապ է հաստատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Էրնեստո Օտտոնեի հետ, և վերջինս հերքել է ադրբեջանական մամուլում իրեն վերագրվող տեղեկատվությունը՝ Արցախ առաքելություն ուղարկելու մասին: Օտտոնեն նշել է, որ ինքն, ի պատասխան հնչեցրած հարցին, ընդհանրապես խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ առաքելություններ ուղարկելու պրակտիկայի մասին և նշել, որ տվյալ առաքելություն ուղարկելու համար անհրաժեշտ է, որ շահագրգիռ կողմերը համապատասխան դիմում ներկայացնեն ՅՈՒՆԵՍԿՕ:

Նա նաև նշել է, որ առաքելությունների իրականացման համար անհրաժեշտ է ապահովել անվտանգության միջոցներ: Արցախ առաքելություն ուղարկելու մասին իր կողմից որևէ խոսք չի եղել։ Օտտոնեն նաև նշել է, որ իր մեկնաբանությունը եղել է շատ պարզ և չպետք է որևէ տարընթերցման տեղիք տար: Եվ երրորդ մեկնաբանությունը կապված է Լեհաստանի դեսպանության հետ առաջացած միջադեպի առնչությամբ «Հետք» լրատվամիջոցի հրապարակած տեղեկատվության հետ: Ինչպես նշել էինք «Հետք» լրատվամիջոցին, այս հարցը մենք դիտարկում ենք առավել լայն՝ ԵՄ հետ վիզաների դյուրացման գործընթացի կատարման համատեքստում, և այդ գործընթացի որևէ դրույթների կատարման ուղղությամբ թերացումները մեզ համար անընդունելի են, և մենք խստորեն ենք անդրադառնում այս հարցին:

Հարցի առնչությամբ Հայաստանում Լեհաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ պարզաբանումների համար, և իրեն ներկայացվել է ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը: Նշեմ, որ ԵՄ հետ հարաբերություններում մենք մշտապես ընդգծում ենք մարդկանց միջև շփումների խրախուսման կարևորությունը, և մշտապես հետամուտ ենք լինելու այս հարցում:

Ավելին
Back to top button
Close