Նորություններ

Քննարկվել են Սփյուռքի հետ համագործակցելով Հայաստանի առողջապահական համակարգի հզորացման հարցերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպված «Հայաստանի առողջապահական համակարգի հզորացմանը` համագործակցելով Սփյուռքի հետ» միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Հայկական բժշկական միջազգային կոմիտեի նախագահ Վիգեն Սեփիլյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Շանթ Շեխերդիմյանը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ նախարարությունն աշխատում է մատուցել այնպիսի ծառայություններ, որոնց արդյունքները տեսանելի են և ոչ թե գումարի վատնում: Նա անդրադարձել է բժշկական ապահովագրության կարևորությանը, որի կիրառման շնորհիվ միաժամանակ կլուծվեն մի շարք խնդիրներ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի տնօրեն Վարդուհի Պետրոսյանը ողջունել է առողջապահության նախարարության թափանցիկ գործունեությունը և նմանատիպ քննարկումների շարունակական բնույթը: Նա նշել է, որ միջոցառումը միավորում է Սփյուռքին, Հայաստանի և Ղարաբաղի առողջապահական ծառայություններ մատուցողներին և առողջապահության նախարարությանը:

Խոսելով Հայաստանի առողջապահության ոլորտի խնդիրների մասին` Շանթ Շեխերդիմյանը ընդգծել է մի քանի պատճառ: Կազմակերպական և ինստիտուցիոնալ խնդիրներն ունեն կրթական և ֆինանսական հիմքեր: Նա անդրադարձել է նաև այն փոփոխություններին, որոնց արդյունքում Սփյուռքը ավելի ներգրավված կդառնա ոլորտում:

Զարեհ Սինանյանն ասել է, որ համագործակցության շնորհիվ` Հայաստանի առողջապահական ծառայությունների որակն այնքան կբարձրանա, որ մոտ ապագայում սփյուռքահայերը կգան Հայաստան` մասնավորապես, առողջապահական ծառայությունների համար:

Քննարկման վերջում բանախոսները պատասխանել են առողջապահության համակարգի և այն ուժեղացնելու ուղիների վերաբերյալ հարցերին:

Նախարարը ողջունել է մասնակիցների ակտիվ և պատրաստակամ մոտեցումը:

Ավելին
Back to top button
Close