Նորություններ

«ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Հայաստանը, շրջապատված լինելով Թուրքիայով և Ադրբեջանով, չի կարող Իրանի հետ գնալ հակամարտության»

«Այս լարվածությունն առավելապես պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իսրայելամետ քաղաքականությամբ»,- ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում կարծիք հայտնեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների վատթարացմանը:

Իրանագետի խոսքերով՝ նախագահ դառնալուց ի վեր Թրամփը ցույց տվեց, որ սպասարկելու է Իսրայելի շահերը, ինչպես նաև հայտարարում էր, որ դուրս է գալու Իրանի միջուկային համաձայնագրից, եթե այն չվերանայվի:

«Բացի այդ, նա հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը պետք է տեղափոխվի Երուսաղեմ, և այս 4 տարիների ընթացքում Թրամփն ակնհայտ ցույց է տվել, որ ձգտում է առաջ մղել Իսրայելի շահերը, հենց դրանով է առավելապես պայմանավորված այս ընդգծված հակաիրանական քաղաքականությունը»,- նշեց վերլուծաբանը:

Իրանի գերագույն գլխավոր առաջնորդի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոց կիրառելու փաստը, իրանագետի գնահատմամբ, վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ շարունակելու է պատժամիջոցային քաղաքականությունը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ հետևանքներ կարող է թողնել այս լարվածությունը Հայաստանի վրա տնտեսական և քաղաքական առումով, իրանագետն արձագանքեց, որ Հայաստանի վրա ուղղակի որևէ ազդեցություն չի կարող ունենալ, բայց անուղղակի կերպով որքան Իրանի նկատմամբ պատժամիջոցներն ավելի են շատանում, ֆինանսապես ավելի է թուլանում, և բնականաբար դա ազդում է դեպի Հայաստան զբոսաշրջային ներհոսքի վրա:

«Բայց ուղղակի առումով ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, որ Հայաստանը, շրջապատված լինելով Թուրքիայով և Ադրբեջանով, չի կարող Իրանի հետ գնալ հակամարտության, և Հայաստանի առջև որևէ պայման չի դրվում ընտրություն կատարելու համար»:

 

 

Ավելին
Back to top button