Նորություններ

Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են նոր տեխնոլոգիաների ոլորտում. Հայաստանի նախագահն այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձր տեխնոլոգիաների պարկ։ Նախագահին ուղեկցել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարներ։

Բարձր տեխնոլոգիաների պարկի տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նախագահին ծանոթացրել է ռեզիդենտ ընկերությունների նախագծերին և արտադրանքին։ Նախագահին են ներկայացվել տարբեր բնագավառների՝ բժշկություն, էկոլոգիա, գյուղատնտեսություն, ժամանց և այլն, բարձր տեխնոլոգիական լուծումներն ու մշակումները։ Դրանց մեծ մասն արդեն բավականին արդյունավետ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում։

Նախագահը նաև փորձարկել է վիրտուալ իրականությունում գործող մոտոցիկլը։

Շրջայցի ավարտին ներկայացնելով տեխնոլոգիական պարկի գործունեությունն ու ծրագրերը՝ տնօրեն Վսևոլոդ Յանչևսկին նշել է, որ այս ամենի հաջողության հիմքը կրթությունն է․ «Այս ամենի հիմքում մարդիկ են, նրանց գիտելիքն ու ինտելեկտը։ Առանց դրա մենք հաջողություն չէինք ունենա։ Բելառուսում կրթական համակարգին մեծ ուշադրություն է դարձվում։ Եվ կրթությունն է հենց այն հիմքը, որի վրա էլ բելառուսական ՏՏ-ն հաջողությունն է արձանագրում»։

Լրագրողների հետ զրույցում ամփոփելով այցը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ երկրորդ անգամ է լինում այս կազմակերպությունում: Նախագահը նշել է, որ ստեղծված օրենսդրական հիմքն ու մեխանիզմները կազմակերպությանը հնարավորություն են տվել վերջին մի քանի տարիների ընթացքում զարգացնել նոր տեխնոլոգիաները Բելառուսում: «Այս ամենը մեկ օրում չի եղել,-ասել է նախագահ Սարգսյանը:- Օրենքներն ընդունելուց հետո տարիներ են պետք, որ ներդրողները վստահ լինեն, կայունություն լինի, ինչը կարևոր գործոններից մեկն է»: Երկրորդ գործոնը, ըստ Հայաստանի նախագահի, պայմաններն են, որ առաջարկվում են ներդրողներին: «Այդ պայմանները պետք է գրավիչ լինեն, որովհետև աշխարհը հսկայական շուկա և լաբորատորիա է, ցանկացած երկրում կարող ես գնալ և սկսել քո գործունեությունը, մանավանդ այս ոլորտում»:

Նախագահ Սարգսյանը որպես ևս մեկ գործոն նշել է կրթական համակարգը: «Բելառուսն ունի շատ բարձր կրթական համակարգ և Հայաստանի նման ներուժ՝ զարգացնելու այդ համակարգը,-ասել է նա:- Եվ նրանք մեծ հաջողությունների են հասել: Մոտ 50 հազար մասնագետներ են աշխատում այս ոլորտում՝ սկսած փոքր ընկերություններից, որոնք ստարտափ են, մինչև մեծերը, որոնք համաշխարհային անուն ունեն: Հետևաբար, Բելառուսի փորձն ինձ համար շատ հետաքրքիր է և պետք է հետաքրքրի Հայաստանին, եթե ուզում ենք ամեն գնով աջակցել արհեստական բանականությունը զարգացնելուն: Կարծում եմ՝ Հայաստանն ու Բելառուսը բնական գործընկերներ են, որոնք կարող են այս ոլորտում աշխատել, և ես հույս ունեմ Բելառուսի նախագահի հետ շարունակել մեր երկխոսությունը, թե ինչպես կարող են երկու երկրներն ավելի խորը համագործակցել: Գործընկերներին պետք է հրավիրենք՝ գան Հայաստան, որպեսզի ներկայացնեն իրենց գործունեությունն ու փորձառությունը:

Այսօր արհեստական բանականությունը, նոր տեխնոլոգիաներն ամենուր են: Չկա մի ոլորտ, որտեղ կարելի է գործել առանց տեխնոլոգիա օգտագործելու՝ քաղաքականությունից մինչև լրատվություն, գյուղատնտեսություն և այլն: Նոր տեխնոլոգիաներն ամեն տեղ շատ անսպասելի լուծումներ են առաջարկում»:

Հայաստանի նախագահը ասել է, որ հարաբերությունները պետք է զարգացնել բոլոր երկրների հետ՝ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա: «Որպեսզի հասկանանք, թե աշխարհում ինչ է կատարվում, պետք է արագ զարգանանք աշխարհի հետ միասին»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Բելառուսի բարձր տեխնոլոգիական պարկը միավորում է տեղեկատավական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 570 ընկերություն, որոնք զբաղվում են ծրագրային ապահովումների, հավելվածների մշակումներով, ՏՏ խորհրդատվությամբ, համակարգչային, ժամանցային խաղերի ստեղծումով և այլն։ Հայտնի նախագծերից են Viber, Juno, MSQRD հավելվածները, World of Tanks համակարգչային խաղը։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերությունների կողմից մշակված բջջային հավելվածներն օգտագործում է ավելի քան 1 մլրդ մարդ, աշխարհի տասը խոշորագույն կորպորացիաներից հինգը և աշխարհի 67 երկիր համարվում են տեխնոլոգիական պարկի պատվիրատու։ Տեխնոլոգիական պարկի ռեզիդենտ ընկերություններից վեցը աշխարհի լավագույն 100 աուտսորսինգային ընկերությունների շարքում են։

Ավելին
Back to top button
Close