ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Մոսկվայում նաև մասնավոր զրույցներում հնչել է հարց, իսկ մենք փորձել ենք պարզաբանել քվեարկության պատկերը»

ԱԺ-ում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ ՌԴ պատվիրակության վերադարձի համար կազմակերպված քվեարկությանը, որին ՀՀ պատվիրակությունից Ռուբեն Ռուբինյանը սխալմամբ դեմ էր քվեարկել, իսկ Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել քվեարկությանը: ՀՀ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրենց դիրքորոշումը սկզբունքային է, Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներից է, որ նրա անդամ պետությունները պետք է ունենան ձայնի իրավունք:

«Մոսկվայում նաև մասնավոր զրույցներում հնչել է հարց, իսկ մենք փորձել ենք պարզաբանել քվեարկության պատկերը: Բնականաբար չէր կարող չլինել նման հարց, որովհետև այդ մարդկանց հետ տարիներ շարունակ աշխատում ես, և տրամաբանական է, որ հարց է ծագում՝ ինչու պատվիրակությունն ունեցավ այդպիսի քվեարկության պատկեր»:

Թե ինչու էր պատվիրակության ղեկավարը դեմ քվեարկել, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այն պայմանավորեցին տեխնիկական ու մարդկային գործոնով՝ նշելով, որ զեկույցի նախագծին ներկայացվել էին 200-ից ավելի փոփոխություններ, որոնց դեմ են քվեարկել, ու ընդհանուր զեկույցի քվեարկությունը եղել է շատ ակնթարթորեն։ Նշվեց, որ սխալ քվեարկություն է կատարել նաև Լեհաստանի պատվիրակը:

«Պաշտոնական հանդիպում նրանց հետ չի եղել, եղել են գործընկերային հանդիպումներ: Խնջույք կամ նման բան չի եղել»,- ասաց «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Ռուսաստանի պատվիրակությանը ներկայացված պարզաբանումների հետ կապված Տաթև Հայրապետյանը հավելեց՝ իրենք ռուս գործընկերներին բացատրել են, որ տեխնիկական խնդիր է եղել, և իրենք կողմ են եղել բանաձևին։

«Մենք ունենք դիրքորոշում, որ Ռուսաստանը պետք է ներկայացված լինի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, և եթե մեր քվեարկությունը չի համապատասխանում մեր դիրքորոշմանը, կարծում եմ՝ տրամաբանական է, որ որոշակի ձևով ներկայացվի, թե ինչու այդպես ստացվեց»:

 

 

Ավելին
Back to top button
Close