Նորություններ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում․ քաղաքացին վնասազերծել է հանցագործին, վերջինս դիմակը թողնելով հանցագործության վայրում, ճողոպրել է

Այսօր, հուլիսի 1-ին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ հունիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ժամը 05։00-ի սահմաններում դիմակավորված ու հրացանով զինված անձը ներս է մտել Զաքյան փողոցի թիվ 5 հասցեում գործող Vivaro բուքմեյքերական ընկերության գրասենյակ և փորձել ավազակային հարձակում կատարել։

Vivaro-ում այդ պահին գտնվող քաղաքացին կարողացել է առանց վախենալու, վտանգելով իր կյանքը, աթոռով մի քանի հարված է հասցրել զինված ու դիմակավորված անձին, ով իր սև գործը ավարտին չհասցնելով, դիմել է փախուստի։ Զարմանալի է այն փաստը, որ կատարված հանցագործության մասին Vivaro-ի աշխատակիցները այսօր են որոշել իրավապահներին հայտնել։

Այս պահին նշված վայր են ժամանել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք՝ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են գլխարկը, որը հարձակվողն օգտագործել է որպես դիմակ՝ դեմքը քողարկելու նպատակով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

Ավելին
Back to top button