Նորություններ

Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելուց հետո գովազդային որևէ հոլովակում չի նկարահանվում. խոսնակ

Այսօր սոցցանցերում օգտատերերը քննարկում էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ գովազդում նկարահանվելու հնարավորությունը քաղաքապետ ընտրվելուց հետո: Ըստ օգտատերերի՝ քաղաքապետը երկու նոր հոլովակում է նկարահանվել, որոնք ցուցադրվում են հայկական հեռուստաընկերություններով:

Ընդ որում, ավելի շատ դրական կարծիքներ էին, քան բացասական: Օգտատերերից մեկն, օրինակ, սա կարևոր էր համարում այն իմաստով, որ նոր Հայաստանում իշխանության ներկայացուցիչները կաշառքի ու հանրության բյուջեն թալանելու փոխարեն այլընտրանքային ճանապարհներ են գտնում գումար վաստակելու համար:

Երևանի քաղաքապետարանի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը, սակայն, ԳԱԼԱ-ի հետ զրույցում հերքեց քաղաքապետ Մարությանի՝ նոր հոլովակներում նկարահանվելու մասին տեղեկությունները:

«Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետը որևէ այլ գործունեությամբ չի զբաղվում, քան քաղաքապետ լինելն է: Եթե կան ինչ-որ պրոդուկտներ, գովազդներ, դրանք բոլորը վերաբերում են մինչև քաղաքապետ ընտրվելը Հայկ Մարությանի գործունեությանը»,- ասաց Կարապետյանը:

 

Back to top button
Close