ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Ադրբեջանը հետագայում փորձելու է իրագործել իր հանցագործներին այստեղից տանելու տեսլականը

«Նախկինում նման փորձեր ևս եղել են, և սա նորմալ է: Աննորմալ էր այն, որ Ադրբեջանը տվյալ անձին, որ կարծեմ հոգեկան հիվանդություն ուներ, 2 տարի պահում էր Ադրբեջանում և ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկում: Սա կարևոր քայլ էր մարդասիրական տեսանկյունից, իհարկե, բայց Ադրբեջանը սրա տակ հետագայում փորձում է պատկերացնել իր հանցագործներին այստեղից տանելու, փրկելու ապագան, տեսլականը»:

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի կողմից Կարմիր խաչի միջնորդությամբ գերիների փոխանակմանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց՝ հավելելով, որ բոլորը բոլորի դիմաց սկզբունքը չի կարող կիրառվել: Տեղի ունեցածը պարզապես գերիների փոխանակում չի եղել:

«Մեր կողմից Ադրբեջանում հայտնված անձը քաղաքացիական անձ էր, որին թեև Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես դիվերսանտ, չնայած այն փաստին, որ իրենց ներկայացվել էին ապացույցներ, որ տվյալ մարդը հիվանդություններով քաղաքացիական անձ է և ամենևին չէր կարող լինել զինվորական, առավել ևս դիվերսանտ: Փաստացի նրան պատանդառել էր ադրբեջանական կողմը, այսինքն նրան կարող ենք համարել պատանդ, ոչ թե գերի կամ առավել ևս ռազմագերի, որին բռնի կերպով Ադրբեջանում պահում էին շուրջ 2 տարուց ավելի և նրա նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն էին գործադրում»:

Անդրադառնալով նաև մյուս գերիներին՝ Տարոն Հովհաննիսյանը շեշտեց, որ Ադրբեջանը 2014 թվականից, երբ որ իրենց դիվերսանտները ձերբակալվեցին, և ընթացավ համապատասխան դատավարական գործընթաց, սկսել են դիմել տարբեր նենգ քայլերի:

«Պետք է հասկանանք, որ չի կարող լինել համարժեք փոխանակում, որովհետև սա միայն չի նշանակի 2 անձ Ադրբեջանից բերել և այստեղից 2 անձի արտահանձնել Ադրբեջանին, այլ սա կնշանակի ծանր հանցագործություն գործած անձանց արտահանձնում Ադրբեջանին, որտեղ նրանք, բնականաբար, որևիցե պատիժ չեն կրի իրենց հանցագործությունների համար, այլ կարդարացվեն, կհերոսացվեն, ինչպես Ռամիլ Սաֆարովը»:

Ըստ բանախոսի՝ հաջորդ անգամ ևս Ադրբեջանի դիվերսանտների համար սա կլինի օրինակ, հիմք՝ ևս նման գործողություններ իրականացնելու համար, ովքեր կփորձեն խախտել սահմանը, եթե հաջողվի, նաև քաղաքացիական բնակչության սպանել, գերեվարել:

Ավելին
Back to top button
Close