Նորություններ

Պետք է սկզբից գործիքները փոխել, հետո նոր այդ ինստիտուտները ձևավորել. իրավապաշտպանը՝ ՍԴ-ի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի հայտարարությանը և առհասարակ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց.

«Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո արված մեկնաբանությունները և դրա հետ կապված իրավիճակը հատկապես ապացուցում է մի բան, որ գոյություն ունեցող Սահմանադրությունը, սահմանադրական կարգավորումները և սահմանադրական օրենքները փակուղային են, իրապես ծուղակ են և պիտանի չեն այսօրվա փոփոխություններին ուղղված գործողություններ իրականացնելու համար»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ պետք է սկզբից գործիքները փոխել, հետո նոր այդ ինստիտուտները ձևավորել.

«Ոչ թե պետք է մեկնաբանություններով զբաղվել, այլ ուղղակի այդ մեկնաբանությունների հիման վրա գործիքներ փոխել. պետք է Սահմանադրությունը փոխել, սահմանադրական դատարանի մասին օրենքը փոխել, ընդհանրապես պետական կառավարման համակարգի գործունեությունը, ձևավորումը կարգավորող օրենսդրական փաթեթը փոխել»:

Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ մենք չունենք նոր Սահմանադրություն, մենք ունենք Սերժ Սարգսյանի Սահմանադրություն, և դա Սերժ Սարգսյանի համար է:

«Այդ Սահմանադրությունը չի կարող պիտանի լինել ժողովրդավարական, իրավական պետության տրամաբանության տեսակետից»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պետք էր փոխել Սահմանադրությունը, հետո միայն սկսել ինստիտուտների ձևավորումը:

Back to top button
Close