Նորություններ

«Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում օրենքի և օրինականության բացակայության մասին խոսի». Քրիստինե Պողոսյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ վերաքննիչ դատարանի որոշմանը, որով կրկին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշեց, որ անկախ դատական համակարգը հենց այդպիսին պետք է լինի, ուստի դատարանն ազատ է եղել իր որոշումները կայացնելու մեջ:

Դիտարկմանը, թե ինչու դատավարության ընթացքում երկրորդ նախագահը չէր կարող մնալ ազատության մեջ, պատգամավորը շեշտեց, որ ազատության մեջ գտնվելով՝ Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել դատավարական ընթացքին:

Մեկ այլ հարցի, թե երբ Ռոբերտ Քոչարյանը կալանավորումից առաջ հարցազրույց էր տվել՝ նշելով, որ սպասելիքներ չունի դատարանից, նաև որ դատարանի կողմից իր պաշտպանական թիմին չլսելու սցենարը նախագծած էր, պատգամավորն արձագանքեց.

«Մի քիչ իր և իր թիմի խոսքերը հակասում են իրար, որովհետև մի պարագայում և մի դատավորի դեպքում նրանք ունեն ակնկալիք, մի դատավորի դեպքում չունեն: Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն այն համակարգն է, որ վճիռներ է կայացնում, և ցանկացած քաղաքացի, եթե նա օրինականության սահմաններում է գործում, բոլոր խնդիրները պետք է դատական համակարգով լուծի»:

Անդրադառնալով նաև Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ո՛չ օրենք կա, ո՛չ օրինականություն, պատգամավորն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, ով իրավունք ունի խոսել այդ ամենից:

«Ռոբերտ Քոչարյանն այն մարդը չէ, որ պետք է Հայաստանի Հանրապետությունում օրենքի և օրինականության բացակայության մասին խոսի, որովհետև իր նախագահ լինելու տարիներին, իմ անձնական կարծիքով, նա արել է ամեն ինչ, որ Հայաստանում օրենքն ու օրինականությունը բացակայեն»,- հավելեց պատգամավորը:

Ավելին
Back to top button