Նորություններ

11 տարի անց դատարանն արդարացնում է Մարտի մեկի մասնակից Սաղաթելյանին. նա գտնվում է կոմայի մեջ

Այսօր պարզ դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին մասնակցած Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և որոշում է կայացրել գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

11 տարի առաջ նույն դատարանի որոշմամբ Մուշեղ Սաղաթելյանը ճանաչվել էր մեղավոր և ենթարկվել տուգանքի և հինգ տարի ժամկետով ազատազրկման։

Հիմա արդեն 11 տարի անց, երբ, ըստ էության, վճռաբեկ դատարանն արդարացնում է Մարտի մեկի մասնակից Սաղաթելյանին, նա գտնվում է անգիտակից վիճակում՝ հիվանդանոցում:

Որդին՝ Սևակ Սաղաթելյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ ավելի քան 11 տարի պահանջվեց հոր անմեղությունը և ճշմարտացիությունն ապացուցելու համար, և դա եղավ թավշյա հեղափոխությունից և ՄԻԵԴ վճռից հետո:

«Այսօր արդեն ինձ զանգահարում են, ասում են, դեռ ինքս չեմ հասցրել ծանոթանալ պաշտոնական տեղեկությանը, բայց կարծես անակնկալ չէր այն, քանի որ ՄԻԵԴ վճիռը կար, և վճռաբեկ դատարանը պետք է գործը դարձյալ ուղարկեր նոր քննության»,- ասում է Սևակ Սաղաթելյանը՝ ափսոսանք հայտնելով, որ հայրը չի իմանում այս կարևոր տեղեկության մասին, չնայած որ պատրաստվում է գնալ հիվանդանոց և ասել նրան այդ մասին: Սևակ Սաղաթելյանը պատմում է, որ հայրն ակտիվ մասնակցել է թավշյա հեղափոխությանը և անցած տարի՝ մայիսի 9-ից, գտնվում է կոմայի մեջ: Փորձել են ՀՀ-ում զարգացող բոլոր իրադարձություններին հաղորդակից դարձնել նրան:

«Աչքերը փակ է, արհեստական շնչառություն է միացրած, բայց չնայած այդ ամենին, մենք ամեն ինչ ասում ենք: Բժիշկներն ասում են, որ հատկապես դրական լուրերը կարող են պոզիտիվ կերպով ազդել իր առողջական վիճակի վրա: Կարող է և դրական դինամիկա արձանագրվի»,- ասում է Սաղաթելյանի որդին:

Սևակ Սաղաթելյանն ասում է, որ ՄԻԵԴ որոշման մասին էլ է հորը տեղյակ պահել, վճռաբեկի այս որոշման մասին էլ կտեղեկացնի:

«Չգիտեմ լսում է, չի լսում, ընդունում է, չի ընդունում: Բայց մեկ անգամ դրական դինամիկա գրանցեցին բժիշկները, երբ առաջին անգամ իմացավ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին: Շնչառությունն արագացավ, և հույս հայտնեցին, որ կարող է գիտակցությունը սկսի նորից վերականգնվել: Բայց դեռ ոչինչ չկա»:

Հիշեցնենք, Մուշեղ Սաղաթելյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով 2008թ. նախագահական ընտրություններից հետո Երևան քաղաքում իրականացվող զանգվածային հրապարակային միջոցառումներին, 2008թ. մարտի 1-ին առավոտյան «Ազատության» հրապարակում, ապա ավելի ուշ Արշակունյաց պողոտայում, չենթարկվելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, հրելու, քաշքշելու և ոտքով հարվածելու եղանակով առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրանց նկատմամբ և փախուստի փորձ կատարել: Նրան մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող գործարանային արտադրության դանակ կրելու համար:

Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ (Մ. Սաղաթելյանի) խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ ինչպես ցույցի ցրման, այնպես էլ նրա նկատմամբ քրեական հետապնդման, կալանավորման և դատապարտման մասով: Մասնավորապես ԵԴ-ն «վճռել է», որ Ազատության հրապարակում անցկացված հավաքը խաղաղ է եղել, իսկ կառավարությունը չի ներկայացրել որպես պաշտոնական մոտեցում ներկայացված՝ հավաքի ոչ խաղաղ բնույթը հիմնավորող ապացույցներ։

ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչել է նաև այդ գործով ԵԴ-ի կողմից արվող եզրահանգումը, որ առանց բավարար հիմնավորման և ակնհայտորեն առանց ցրելու մասին նախազգուշացման, ինչպես նաև չհիմնավորված և չափից ավելի ուժի օգտագործմամբ Ազատության հրապարակի հավաքը ցրելն անհամաչափ միջոց է եղել, որն իշխանությունների կողմից հավաքների ազատությունը սահմանափակելիս անցել է ողջամտության սահմանները։

Ավելին
Back to top button