Նորություններ

ՀՀ-ն կհանձնի Ադրբեջանի քաղաքացուն, իսկ ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը կհայրենադարձվի

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխան «News.am» լրատվականի հարցին.

Հարց. Մենք այսօր տեղեկացանք Ադրբեջանի քաղաքացուն վերադարձնելու և մեր քաղաքացի Զավեն Կարապետյանի հայրենադարձության մասին: Արդյոք սա «բոլորը բոլորի դիմաց» գործընթացի շրջանակում իրականացված փոխանակում էր, թե խոսքը այլ գործընթացի մասին է:

Պատասխան. Այս գործընթացը «բոլորը բոլորի դիմաց սկզբունքի» կիրառում չէ: Այստեղ խոսքը չի գնում փոխանակման մասին, քանի որ Հայաստանը հենց սկզբից հայտարարել էր, որ ս.թ. մարտի 16-ին ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած Էլվին Արիֆ Օղլու Իբրահիմովին Ադրբեջան ՀՀ-ն վերադարձնում է առանց որևէ նախապայմանի՝ հիմնվելով հումանիտար նկատառումների վրա: Այս գործընթացն իրականացվել է ԿԽՄԿ-ի և մասնավորապես` Հայաստանում կազմակերպության առաքելության հետ սերտ համագործակցության միջոցով: Իբրաhիմովը չէր գործել ծանր հանցանք, ուստի նրա հանդեպ կիրառելի է հումանիտար սկզբունքի հիման վրա անհատական մոտեցումը:

Մենք ի գիտություն ենք ընդունել նաև Ադրբեջանի որոշումը ազատ արձակելու 2017թ.-ի հունիսի 20-ին անհայտ պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանին և ԿԽՄԿ հետ մեկտեղ կազմակերպել ենք նրա հայրենադարձությունը:

Ադրբեջանի տարածքում պահվող ՀՀ քաղաքացիների հարցը մշտապես եղել է ԱԳՆ ուշադրության կենտրոնում և բազմիցս բարձրացվել է տարբեր ձևաչափերում և հանդիպումներում, ներառյալ՝ վերջերս ժնևում:

Ուրախ ենք մեր քաղաքացու՝ ազատ արձակման և Հայրենիք վերադարձի կապակցությամբ:

Back to top button
Close