Նորություններ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի հանդիպումը Հայաստանում Ուրուգվայի դեսպանի և Հայաստանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսի հետ

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանն ընդունեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դեսպան Կարլոս Սգարբիին (Carlos Sgarbi)(նստավայրը՝ Թեհրան) և Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկին (Eduardo Rosenbrock)։

ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Ուրուգվայի դեսպանը բարձր գնահատեցին երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող ջերմ ու բարեկամական հարաբերությունները, ինչը նաև լավ հիմք է քաղաքական երկխոսության ներկա մակարդակն առավել բարձրացնելու, տարբեր ոլորտներում առկա համագործակցությունն առավել ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու համար: Այս համատեքստում կարևորվեց բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր մակարդակներում շփումների պարբերականության ապահովումը:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը երախտագիտությամբ նշեց, որ Ուրուգվայը եղել է առաջին պետությունը, որը դեռևս 1965թ․ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և դրանով դատապարտել Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։

Երկուստեք բարձր գնահատվեց Ուրուգվայի հայ համայնքի դերը, որը, կազմելով Ուրուգվայի բնակչության ավելի քան մեկ տոկոսը, ոչ միայն ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական ոլորտներում, այլև հանդիսանում է Հայաստանը և Ուրուգվայը միմյանց կապող ամուր կամուրջ։

Կողմերը քննարկեցին նաև վերջերս ՀՀ-ում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հաստատմանը և հետագա երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Գլխավոր հյուպատոս Էդուարդո Ռոզենբրոկը նշեց, որ առարկայական քայլեր են ձեռնարկվում ակտիվացնելու և զարգացնելու երկկողմ առևտրաշրջանառությունը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային մի շարք հարցերի:

Back to top button
Close