Նորություններ

Եթե ահազանգ ստանանք, որ այդ մարդը նորից սպառնում է, կլինեն գործողություններ. ոստիկանությունը` քաղաքացու տուն ներխուժելով՝ ծեծելու ու սպառնալու միջադեպի մասին

Հունիսի 25-ին ժամը 21:45-ին ոստիկանություն է զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ մի մարդ կոտրել է իրենց դուռը, սպառնում է սպանել, և պարզվել է, որ նույն օրը ժամը 21:00-ին 1968 թվականի ծնված մի տղամարդ Աերացիայի թաղամասի 2/10 շենքի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ բռունցքներով հարվածներ է հասցրել բնակարանի տիրոջը և նրա դստերը` պատճառելով ֆիզիկական ցավ: Միաժամանակ հնչեցվել է սպանության սպառնալիքներ, ոտքով հարված էլ բնակարանի մուտքի դռանը` պատճառելով գույքային վնաս: Վերջինս ներկայացվել է ոստիկանության Չարբախի բաժանմունք: Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ անդրադառնալով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի այն գրառմանը, ըստ որի, կա մի ընտանիք, ում քաղաքացիներից մեկը սպառնում է, ներխուժել է այդ ընտանիքի բնակարանը, ծեծել 73 տարեկան տանտիրոջը և թեև ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր, սակայն այդ տղամարդը այսօր զանգահարել և կրկին սպանելու սպառնալիքներ է հնչեցրել:

Ինչ վերաբերում է հարցին, որ այդ ընտանիքի անվտանգությունն այս պահին ապահովված չէ, քանի որ, չնայած նյութեր են նախապատրաստվում, բայց այդ անձը շարունակում է սպառնալ, ոստիկանությունից ասացին. «Այդ ընտանիքն արդեն ահազանգել է ոստիկանություն, դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում: Եթե ահազանգ ստանանք, որ այդ մարդը նորից սպառնում է, անպայման կլինեն գործողություններ»:

Ներկայացնում ենք ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը ստորև: «Կա մի ընտանիք՝ հայրը, դուստրը և երկու երեխա։ Մի քանի օր առաջ, տաքսիի վարորդը, որը հաճախ տեղափոխում էր աղջկան իրա երեխաների հետ, որոշեց, որ երեխաներին պետք է իջացնի ավտոյից ու շարունակի զրույցը իրանց մամայի հետ։ Աղջիկը դեմ էր, սկսեց գոռալ, աղջկան շպրտեց ավտոյից ու այդ ամենը երեխաների աչքի առաջ։ Իսկ երկու օր առաջ, այդ վարորդը ներխուժեց այդ ընտանիքի բնակարանը, ծեծեց 73 տարեկան տան տիրոջը, մի կերպ հայրն ու աղջիկը հանեցին նրան դուրս ու զանգեցին ոստիկանություն։ 30 րոպե անց ոստիկանությունը եկավ հավաքեց այս վարորդին բայց մի երկու ժամից բաց թողեց ու սա նորից եկավ այդ բնակարան։ Ջարդեց դուռը, էլի քաշքշուք, գոռգոռոցներ և այլն։ Երեկ վարորդի վրա Շենգավիթի ոստիկանության բաժնում բացել են քրեական գործ, բայց նա չի սթրվում ու այսօր առավոտյան զանգել է աղջկան ու ասել է, որ գնում ա իրա հորը սպանի։ Աղջիկը զանգելա պապային ու աղաչումա որ հայրը փախնի․․․

Հիմա, ոնց կարելիա այս ընտանիքին օրենքի սահմաններում օգնել՞
Թե չէ սամոսուդը կա ու կա…»

Back to top button
Close