ՆորություններՕՐԱԿԱՐԳՈՒՄ

«Աբովյանում դեռևս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում». Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետներին այսօր խորհրդարան հրավիրելը իշխող ուժի խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը դիտարկում է մարզպետների՝ խորհրդարանին հաշվետու լինելու շրջանակներում:

Անդրադառնալով իր և Սասուն Միքայելյանի հարաբերություններին, նաև այն դիտարկմանը, որ Սասուն Միքայելյանը չի հերքել իրենց հարաբերություններում տարաձայնություններ լինելու փաստը, մարզպետն արձագանքեց.

«Ինքս էլ չէի հերքի, որ քաղաքական ուժի ներսում, վարչության ներսում քաղաքական տարաձայնություններ կարող են լինել: Որովհետև ինքը շատ առողջ է, քանի որ մեկ կենտրոնից կամ սուպերլիդերի կողմից կառավարվող ուժ չենք մենք, և շատ առողջ է, երբ քաղաքական տարաձայնություններ են լինում: Աբովյանի ընտրությունների ավարտին ես ասել էի, որ պարոն Միքայելյանը մեզ չի օգնել Աբովյանում… Աբովյանում, դեռևս, ցավոք, ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում»:

Ինչ վերաբերում է Հրազդանի քաղաքապետին, ով Սասուն Միքայելյանի որդին է, մարզպետն ընդգծեց, որ ունեն աշխատանքային լավ հարաբերություններ: Իսկ ինչ վերաբերում է Սևակ Միքայելյանին ընտրությունների ժամանակ չպաշտպանելուն, մարզպետն ասաց, որ այդտեղ անձերի խնդիր չկա, ինքը կատարել է կուսակցության վարչության որոշումը:

Անդրադառնալով նախկինում հողերի աճուրդների, օտարման հետ կապված գործընթացներին, Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ Կոտայքի մարզի մի նախկին գյուղապետ կա, որ հանրապետության մակարդակով 3-րդ խոշոր հողատերն է, կա հարուցված քրեական գործ: Մարզպետը շեշտեց, որ Կոտայքի մարզում, որպես կանոն, նախկինում որևէ անձ չէր կարող ընտրվել, վերընտրվել, եթե կապ չունենար ԲՀԿ-ի հետ:

Back to top button