Նորություններ

Հրաժարվում ենք Հայաստանի քաղաքացիությունից. բողոքի ակցիա կառավարության դիմաց

Եղվարդի հանրակացարանից դուրս հանված բնակիչները պատրաստվում են գիշերել կառավարության շենքի դիմաց, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։

Խնդիրն այն է, որ Եղվարդի հանրակացարաններից մեկում տարիներ շարունակ ապրողներին տեղեկացրել են, որ շենքը սեփականատեր ունի, և պետք է դուրս գան այնտեղից։ Քաղաքացիներին հասած տեղեկություններով՝ սեփականատիրոջ անունը Գուրգեն Զաքարյան է։

Եղվարդցիները պատմում են, որ հունիսի 25-ի առավոտյան ոստիկանները մտել են իրենց հանրակացարան, ուժով, ծեծով իրենց դուրս հանել տներից, պնդում են, որ կարող են ապացուցել, որ ոստիկաններն իրենց նկատմամբ ուժ են կիրառել:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում շենքում բնակվող երեխաներից մի քանիսը պատմեցին, որ իրենց էլ են բռնությամբ դուրս հանել տանից:

Բնակիչները պնդում են՝ ոստիկանների գործողությունների վերաբերյալ տեսանյութեր ունեն, նրանց գործողություններից տուժածների համար նույնիսկ շտապօգնություն են կանչել:

Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին՝ պատրաստվում են հանձնել իրենց անձնագրերը կառավարությանը և հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից:

Back to top button
Close