Երկու ակնհայտ սուտ նորություն է տարածվել, որոնց մեջ կան զրպարտություն պարունակող տարրեր. նորանշանակ նախարարն՝ իր շուրջ պտտվող լուրերի մասին

«Վեթինգի մասով ես հայեցակարգ և հայեցակարգից բխող օրենսդրական փոփոխությունների ծրագիր չեմ տեսել, և չկա»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը:
Նշեց, որ նախագծի հայեցակարգային կետերի մասին որևէ բան չի կարող ասել, քանի որ մշակման փուլում են և պետք է քննարկվեն շահագրգիռ բոլոր կողմերի հետ:
«Մենք նոր սկսում ենք աշխատանքները՝ հայեցակարգային մոտեցումները մշակելով և դրանից բխող օրենսդրական փոփոխություններով»,- նշեց նախարարը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե իր նշանակումը պայմանավորված է Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդության հետ, նախարարն արձագանքեց, որ իր անվան հետ կապված երկու ակնհայտ սուտ նորություն է տարածվել, որոնց մեջ կան զրպարտություն պարունակող տարրեր.
«Առաջինը ծառայության հետ կապված լուրերն են, և երկրորդը՝ Սորոսի հետ կապվածը: Երբ ասում եք՝ Սորոսի հետ կապեր, ես չեմ հասկանում՝ դա ինչ է, ինչի մասին է խոսքը: Ամեն դեպքում ձեր նշած անձին չեմ ճանաչել, չեմ հանդիպել, ծանոթ չեմ: Ընդամենը շահարկումներ են, որի նպատակները տարբեր կարող են լինել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակից ազատվելուն, նախարարն ասաց.
«Բանակից ազատվելու հիվանդությունն առաջացել է թենիս խաղալու պատճառով, սա տարբերակներից մեկն է, որովհետև գիտությունը չի պարզել՝ սկոլյոզ հիվանդությունն ինչից է առաջանում, բայց պատճառներից մեկը վոլեյբոլ, թենիս, բասկետբոլ և նմանատիպ սպորտներով զբաղվելն է»:
Ռուստամ Բադասյանն անդրադարձավ նաև առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման նախաձեռնությանը։ Տեղեկացրեց, որ նախագիծն արդեն պատրաստ է, հիմա միջազգային փորձաքննության փուլում է:
Ըստ նախարարի՝ այս գործընթացը չի կարող վնասել ներդրումային միջավայրը։
Տեղեկացրեց՝ օրենքում շատ խիստ դրված է բարեխիղճ ձեռք բերողի ինստիտուտը, որպեսզի ցանկացած գույքի բարեխիղճ ձեռք բերող չտուժի։