Նորություններ

«Հայաստանը արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն». ՀՀ վարչապետ

«Հայաստանը շարունակում է գտնվել տնտեսական բարձր ակտիվության ցուցանիշներում. մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն». Վարչապետի բացման խոսքը ՀՀ կառավարության նիստում.

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Մինչ կառավարության նիստի բուն աշխատանքներին անցնելը, կարծում եմ՝ տեղյակ եք, որ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա հիմնական տնտեսական ցուցանիշները, և մենք շարունակում ենք գտնվել, բարեբախտաբար, տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում: Մայիսին արձանագրվել է 7.3 տոկոս տնտեսական ակտիվություն, բայց, կարծում եմ, առավել կարևոր է բովանդակությունը, որն ունի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսը՝ նախորդ տարվա հունվար-մայիսի նկատմամբ 0.1 տոկոսանոց աճ, ինչը նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված պրոբլեմները հաղթահարել ենք:

Ուզում եմ հիշեցնել, որ առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտում որոշակի մտահոգություններ կային: Հիմա այդ մտահոգությունները փարատված են, և վերլուծությունները ցույց են տալիս, որ տարվա արդյունքներով մենք կունենանք արտահանման բավական շոշափելի աճ: Շատ կարևոր է արձանագրել, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62.8 տոկոս, այս տարի կազմում է 64.6 տոկոս, աճը՝ 1.8 տոկոսային կետով, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել  է՝ կազմելով 25 տոկոս՝ նախորդ տարվա 27.6 տոկոսի փոխարեն:

Շատ կարևոր է արձանագրել, որ չնայած ընդհանուր արտահանման մեջ դեռևս ոչ բարձր կշիռ ունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այս ոլորտն արտահանման կառուցվածքում  բավական մեծ աճ է արձանագրել՝ 29.5 տոկոս, և նաև միջին տեխնոլոգիատարությամբ ապրանքների խումբը նույնպես  աճ է արձանագրել 19.4 տոկոս:

Ես ուզում եմ արձանագրել, թե այս թվերն ինչով են կարևոր: Այս թվերը կարևոր են նրանով, որ, ըստ էության, ցույց են տալիս, որ Հայաստանի տնտեսական դաշտը, տնտեսական համակարգը ընկալել և մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները, որովհետև, եթե հիշենք, անցյալ տարի մենք սեպտեմբերին ԱԺ-ում քննարկումների ժամանակ ի՞նչ էինք ասում. մենք ասում էինք, որ տնտեսության կառուցվածքում տեղի է  ունենում փոփոխություն, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա մեր տնտեսության շարժիչ ուժը: Սրանք ընդամենը նախանշաններ են, բայց շատ կարևոր նախանշաններ, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության այս քաղաքական մեսիջներն ընկալել են: 2 օր առաջ մենք աշխատանքային քննարկում ունեցանք միջնաժամկետ ծախսերի ծրագրերի շուրջ և այդ քննարկման արդյունքում արձանագրեցինք, որ շատ կարևոր է, որ այս ուղերձներն ընկալվեն նաև պետական կառավարման համակարգում: Պետական կառավարման համակարգը նույնպես պետք է աշխատի այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանություն այսօր մեզ հուշում է տնտեսության ակտիվության ցուցանիշի կառուցվածքը, այսինքն՝ շատ կոնկրետ նախանշաններ կան, որ քաղաքական ասելիքն ընկալված է տնտեսության կողմից, և կան որոշակի ազդանշաններ, որ, այնուամենայնիվ, պետական կառավարման համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալված և մարսված: Խոսքը վերաբերում է ընդհանրապես պետական իշխանության բոլոր ոլորտներին՝ օրենսդիր, գործադիր, դատական, տեղական ինքնակառավարման: Սա, կարծում եմ, մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է քաղաքական բովանդակության, տնտեսության և պետական կառավարման համակարգի համահունչ գործելակերպը և մտքերի վեկտորը նույնականացնելու ուղղությամբ:

Տնտեսական արդյունքների առումով ուզում եմ արձանագրել նաև, որ գյուղատնտեսական ապրանքների արտահանման ոլորտում նույնպես մենք շոշափելի շարժեր ենք ունեցել: Մայիս ամսվա ընթացքում բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 76.6 տոկոսով, ընդ որում՝ 86.2 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 60.9 տոկոսով՝ կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Բուսական ծագման արտադրանքի արտահանման կեսից ավելին եղել է լոլիկի մասով, արտահանումը նախորդ տարվա նկատմամբ աճել է 171 տոկոսով: Ընդ որում, ես ուզում եմ արձանագրել, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք լոլիկի արտահանման շատ լուրջ անկում ունեինք և այս աճով մենք, ըստ էության, կոմպենսացնում ենք այդ բացը: Ելակի արտահանումը կազմել է 700 հազար ԱՄՆ դոլոր, որը 10 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ վարունգի արտահանումը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը՝ կազմելով 1.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանվել է 3.2 մլն ԱՄՆ դոլար արժեքով թարմ ձուկ, որը 1.2 մլն ԱՄՆ դոլարով կամ 61 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ծավալը:

Հիմա գյուղատնտեսության ոլորտում հունվար-մայիսն ամփոփելով՝ կարող ենք ասել, որ բուսական և կենդանական ծագման արտադրանքի արտահանման աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 11.8 տոկոս, ընդ որում՝ 12.6 տոկոսով աճել է բուսական ծագման արտադրանքի արտահանումը, 10.2 տոկոսով աճել է կենդանական ծագման արտադրանքի արտահանումը: Ավելի քան հնգապատկվել է վարունգի արտահանումը, 5 ամսվա տվյալներով ելակի արտահանումը կրկնապատկվել է, 35 տոկոսով աճել է թարմ ձկան արտահանումը՝ կազմելով մոտ 12 մլն ԱՄՆ դոլար:

Իհարկե մեր հիմնական առևտրատնտեսական գործընկերը շարունակում է մնալ, ինչպես և պետք էր կռահել, ԵԱՏՄ-ն, ՌԴ-ն, հաջորդ տեղում արդեն ԵՄ երկրներն են: Ես այս համատեքստում ուզում եմ արձանագրել, որ արտահանման ուղիների բնականոն գործունեության թեման մշտապես եղել է Հայաստանի և Ռուսաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում՝ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի բարձրագույն պաշտոնյաների քննարկման օրակարգում: Ես այս հարցը մշտապես քննարկել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վերջին այցի ընթացքում մենք այս առումով կոնկրետ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, և նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ բազմիցս քննարկումներ ենք ունեցել այս թեմայով: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՌԴ և Վրաստանի մեր գործընկերներին՝ այս հարցում մեր պայմանավորվածությունները ճշգրիտ կյանքի կոչելու համար: Սա շատ կարևոր է, սա նշանակում է, որ մեր արտահանման ուղղությունները հուսալի կերպով աշխատում են և պետք է շարունակեն աշխատել: Ընդհանուր առմամբ ես ուրախ եմ, որ արդեն մի քանի ամիս անընդհատ մենք արձանագրում ենք, որ մեր տնտեսությունը գտնվում է լավ տրամադրության մեջ, և լավ սպասումներ են ձևավորվում: Այդ լավ տրամադրությունը հաստատվում է նաև արժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներով:

Արդեն ասվել է, որ այս տարի Կենտրոնական բանկը պահեստավորել է արդեն 171 մլն դոլար: Էլի աճե՞լ է թիվը, պարոն Ջավադյան, նոր տվյալն ինչքա՞ն է:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան— Արդեն գնել ենք 185 մլն դոլար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան— Այսինքն՝ 185 միլիոն դոլար: Դա նշանակում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլարով աճել  է, որովհետև նախորդ հարց ու պատասխանին, երբ Դուք ԱԺ-ում ելույթ էիք ունենում, 131 միլիոն է հրապարակված թիվը: Այդ օրը երեկոյան դարձավ 154, հետո նախորդ շաբաթվա վերջում դարձավ 171, հիմա՝ 185: Այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում 50 միլիոն դոլար ներհոսել է մեր շուկա: Սա բավական լավ ազդակներ են, բայց ընդհանուր առմամբ ռազմավարական առումով մենք խոսել ենք այդ թեմայով. մեր տնտեսությունը երկարաժամկետ և միջնաժամկետ առումով պետք է կառուցվի այն տրամաբանության վրա, որ Հայաստանից հումքի և չվերամշակված արտադրանքի, ապրանքի արտահանումը պետք է նվազագույնի հասցվի կամ վերացվի: Այսինքն՝ երկարաժամկետ կտրվածքով մեր տնտեսությունը պետք է կառուցվի այնպես, որ մեր երկրից ոչ թե հանքաքար պետք է արտահանվի, այլ մեր երկրից պետք է արտահանվի մետաղական արտադրանք,  ընդ որում՝ ինչքան հնարավոր է երկար վերամշակման ցիկլ անցած, այսինքն՝ ոչ թե ձուլակտորներ, այլ պատրաստի արտադրանք:

Ճիշտ է, ուրախալի է, որ նույն ելակի, հիմա ծիրանի սեզոնն է սկսվում, մենք արտահանման ծավալներ կունենանք, բայց մեր երկարաժամկետ ռազմավարությունը պետք է լինի այն, որ մեր երկրից հումք, այսպես ասած, անմշակ ծիրան կամ ելակ պետք է դուրս չգա: Ընդհակառակը, երկրում պետք է ձևավորվեն վերամշակման ցիկլեր, և արդեն պատրաստի այլ վերամշակված արտադրանք պետք է արտահանվի: Սա պետք է լինի մեր միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարությունը, և շատ կարևոր է, որ կառավարությունն իր ռազմավարությամբ, իր քաղաքականությամբ ամբողջությամբ նպաստի այս միտումներին, ամբողջությամբ նպաստի, որ ՀՀ-ում նորանոր արտադրական ցիկլեր գոյանան, և այդ նորանոր արտադրական ցիկլերի գոյացումը պետք է դառնա մեր երկրի տնտեսության հիմնական բնորոշիչը, հիմնական դիմագիծը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան — Շնորհակալ եմ մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ: Շարժիչ ազդեցություն ունի մշակվող արդյունաբերությունը, ինչպես Դուք նշեցիք, դա արտացոլված է նաև արտահանման թվերի վրա: Մի քանի թվային տվյալներ, որոնք այդ ընդհանուր ագրեգացված ցուցանիշներում չեն երևում, ես կհնչեցնեմ, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Մենք ունենք 5 ամսվա արդյունքներով 5.6 տոկոս արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ, սակայն մեր նախնական վերլուծությունը վկայում է նաև, որ այդ աճի վրա մեծապես ազդել է հատկապես ոչ թե հանքահումքային արդյունաբերության աճը, այլ մշակվող արդյունաբերության աճը, որը 5 ամիսների ընթացքում մոտ 10 տոկոս հանրագումարային աճի ցուցանիշ է դրսևորել և դրան վերաբերվող 3 առանձնահատուկ ցուցանիշ եմ ուզում հնչեցնել, որոնք գուցե իրենց ազդեցությամբ դեռևս շատ մեծ չեն տնտեսության վրա, բայց մենք առանձնացնում ենք այդ ուղղությունները որպես աճի ներուժ ունեցող և ապագայում կարծում եմ, որ այդ ուղղությունների վերաբերյալ ավելի ու ավելի հաճախ ենք խոսելու՝ որպես ուղղություն ստեղծող մեր արտահանման կառուցվածքում:

Դրանք մասնավորապես ոսկերչական, ոսկեգործական արտադրանքն են, որոնք 5 ամիսների կտրվածքով ունեցել են նախորդ տարվա նկատմամբ 86 տոկոսանոց աճ: Այս ուղղությունը Հայաստանի տնտեսության առաջատար ավանդական ուղղություններից մեկն է եղել երկար ժամանակ: Նախորդ տարիներին դիրքերի որոշակի զիջում  էր տեղի ունեցել օբյեկտիվ պատճառներով գուցե նաև, բայց նոր հնարավություններ են դրսևորվում հատկապես ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն նոր գործընթացները, որոնց ուղղությամբ մենք նաև որոշակի կանոնակարգային փոփոխություններ ենք զարգացնում մեր գործընկերների հետ, թույլ են տալու միասնական շուկայում ունենալ աճի դեռևս բազմաթիվ նոր ցուցանիշներ:

Հաջորդ ուղղությունը, որ ցանկանում եմ առանձնացնել, դա շոկոլադի արտադրությունն է: Մենք նորից ունենք տեղական արտադրող, որը նախորդ տարիների ընթացքում ներքին շուկայում ցուցաբերել էր իր մրցունակությունը, վստահ մրցունակությունը և սկսել է արտահանել այս տարվա 5 ամիսների կտրվածքով, նախորդ տարվա նկատմամբ ունի արդեն 32.7 տոկոս աճ: Մենք կարծում ենք և մեր նախնական քննարկումները իրենց հետ նաև հույս են տալիս և վկայում, որ առաջիկայում այս ուղղությունը նույնպես լինելու է կայուն դիրքեր ունեցող ուղղություն:

Եվ երրորդը, որը կցանկանայի նշել, դուք արդեն նշեցիք, որ մեր գյուղատնտեսական արտադրանքի, մասնավորապես բուսաբուծության ոլորտում արտադրանքի հետագա վերամշակումը պետք է ունենա ավելի մեծ կշիռ մեր տնտեսական կյանքում: Այս տարվա 5 ամիսների ընթացքում այս ուղղությունը նույնպես զգալի աճ է դրսևորում, 18.3 տոկոսով մենք ավելի շատ ենք արտահանել, քան նախորդ տարվա 5 ամսվա ժամանակահատվածում: Իհարկե, թվեր կան բազմաթիվ, որոնք վկայում են նույն միտումների մասին: Ընդհանուր առմամբ նորից ուզում եմ շեշտել, որ մշակվող արդյունաբերությունը շարունակում է ունենալ արտահանման կառուցվածքի վրա ճշգրտող ազդեցություն և մենք մինչև տարեվերջ, նախ այն հանգամանքը, որ այս երկրորդ եռամսյակը էապես է տարբերվում առաջին եռամսյակից, որովհետև 2 ամսվա հանրագումարով մենք ունենք մոտովորապես 15 տոկոս, ըստ ՊԵԿ-ի օպերատիվ տվյալների արտահանման ապրանքների արտահանման աճ առաջին նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսների նկատմամբ: Մինչ տարեվերջ այս միտումները կարծում եմ, որ կպահպանվեն և մենք կունենանք զգալի դրական թվեր հատկապես վերամշակող արդյունաբերության և արտահանման թվերի ուղղությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան — Պարոն Խաչատրյան, ես այդ տեղեկանքը նայելիս ուշադրություն դարձրեցի, որ, օրինակ, սննդի վերամշակող ձեռնարկություններում կան ուղղակի շատ տպավորիչ ցուցանիշներ՝ արտահանման 600 տոկոս աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 700 տոկոս աճ: Խոսքը սննդի վերամշակման ոլորտին է վերաբերում: Կարծում եմ, որ իսկապես մենք պետք է  կենտրոնանանք Հայաստանում արտադրության, արտադրական ցիկլերի աջակցման վրա, և արտադրողը Հայաստանի Հանրապետությունում պետք է զգա իր աջակցությունը: Ընդ որում, մենք մի քանի տարբեր առիթներով քննարկել ենք: Այստեղ խոսքը միայն օրենսդրական կարգավորումների մասին չէ: Ես ուզում եմ հետևյալ արձանագրումն ասել. հատկապես արտադրական ձեռնարկությունները, այն ներդրումները, որոնք վերաբերում են արտադրության ոլորտին, պետական կառավարման մարմինները պետք է շատ օպերատիվ արձագանքեն այդ կարիքներին՝ կլինի դա տարածքների հատկացում, ինչ-որ այլ խնդիրների լուծում, որոնք կառավարության լիազորությունների, պետական կառավարման մարմինների լիազորությունների տիրույթում են: Արտադրական նոր ցիկլերի առաջացումը չպետք է արգելակվի ընթացակարգային, բյուրոկրատական քաշքշուկների պատճառով: Ընթացակարգերը պետք է արագացնել դե ֆակտո, իսկ նրանք, որոնք դե յուրե արագ չեն, պարոն Խաչատրյան, այդ թեմայով մենք մի քանի անգամ խոսել ենք, պետք է նաև դե յուրե արագացնել, կրճատել, ավելորդ կարգավորումները հանել, որպեսզի այդ գործընթացները տեղի ունենան մաքսիմալ արագ:

 

Back to top button
Close