Նորություններ

Շղաթայական ավտովթար Երեւանում. կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Գրիբոյեդով-Նաիրի Զարյան փողոցների խաչմերուկում բախվել են BMW մակնիշի 99 CX 969 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 ՏG 594 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես  հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով BMW-ն էլ բախվել է հաստաբուն ծառին և գովազդային ցուցանակին՝ տապալելով ցուցանակը։ Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են՝ մեկը՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները և ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 shamshyan.com

Back to top button
Close