Նորություններ

ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին կավելանա 7,4 մլն դոլարով և կկազմի 80,7 մլն դոլար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց հավանություն տալ ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև 2019-ի մայիսի 8-ին ստորագրված «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 12 փոփոխությունը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարությանը օժանդակություն տրամադրելու նպատակով 2010թ. օգոստոսի 6-ին կնքվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագիրը:

Այնուհետև, ամերիկյան կողմից լրացուցիչ ֆինանսական հատկացումների իրականացման նպատակով մշակվել և 2010-2018թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-12-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո:

Ամերիկյան կողմից տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը ներկայումս կազմում է 73,255 մլն ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 12 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7,449 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: Արդյունքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 80,7 մլն ԱՄՆ դոլար:

 

Back to top button
Close