Նորություններ

Բանակը փորձություն է գիշերամիզությամբ տառապողների արժանապատվության համար. forrights.am

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Բանակային ծառայության հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին ավելանալու է գիշերամիզությունը։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանից:

«Վերջնական որոշում դրա հետ չկա , քննարկման փուլում է, խոսակցություներ կան, բայց ոչ մի հստակ որոշում չկա, պարզապես քննարկել ենք, բայց որևէ փաստաթուղթ, կամ նախաձեռնություն դրա վերաբերյալ այս պահին չունենք»,-ասաց նա:

Գիշերամիզությամբ տառապող զորակոչային տարիքի երիտասարդների թվաքանակը պաշտպանության նախարարությունը չի հրապարակում:
Forrights.am-ը դեռևս փետրվարին էր դիմել ՊՆ, պահանջելով տրամադրել գիշերամիզությամբ տառապող ժամկետային զինծառայողների թվաքանակը, սակայն մինչ օրս չեն պատասխանել:

Ոչ պաշտոնական տեեղեկություններով Հայաստանում մի քանի առանձնացված զորամասեր կան, որտեղ նրանք ծառայություն են անցնում : Մյուս զորամասերում նրանք պահվում են առողջ զինծառայողների հետ և որպես կանոն հոգեբանական խնդիրներ են ունենում, ծաղր ու ծանակի և խտրական վերաբերմունքի են ենթարկվում ծառայակիցների կողմից:

Գիշերային անմիզապահությունը նկատվում է հատկապես դյուրագրգիռ, տպավորվող անձանց մոտ, քնի ժամանակ։ Հիվանդության հիմքում հաճախ կենտրոնական նյարդային համակարգի այն բաժինների խանգարումներն են, որոնք կարգավորում են միզապարկի գործունեությունը:

Հայաստանի կառավարությունը հստակ մոտեցում չի ունեցել առողջապահական նման խնդիր ունեցող երիտասարդների նկատմամբ: Մինչև 2013 թվականը նրանք համարվում էին պիտանին զինվորական ծառայության համար։

2013 թվականի ապրիլի 8-ին օրենքը փոխվեց։ Նրանց ազատեցին բանակից, իսկ անցյալ տարվա ապրիլի 12-ին ընդունված կառավարության 404 որոշմամբ նրանք համարվեցին պիտանի սահմանափակումներով ծառայության համար։ Նրանց համար առանձնացված զորամասեր են բացել Սիսիանում, Գյումրիում, Երևանում, Արմավիրում, սակայն կենցաղային, հիգիենիկ պայմաններ ապահովված չեն: Ոչ պաշտոնական տվյալներով տասնյակից ավելի զորամասեր կան, որտեղ հիվանդ երիտասարդները ծառայում են ընդհանուր զորամասում, բայց քնում են առանձին ննջարանում: Նրանց արժանապատվության համար սա լուրջ փորձություն է:

Գիշերամիզությամբ տառապողները սովորական կյանքում հաջողությամբ թաքցնում են «անհարմար» հիվանդությունը, բայց զորամասում դա անհնար է, և նրանք հայտնվում են կատակների թիրախում:
Նրանք մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում: Տղաներից մեկի՝ շարքային Ա-ի մայրը, որի հետ զրուցինք հեռախոսով, մեզ պատմեց. «Տղաս գիշերը հաճախ խնդիր է ունենում ու առավոտ շուտ լողանում է, թաց վիճակում դուրս է գալիս, շարք կանգնում դրսում ու սառչում է: Ձմռանը տղաս հոսպիտալից դուրս չէր գալիս»։

«Ձմեռը մի շրջան եղավ, որ մի քանի ամիս տղաների մեծ մասը ստեղ չէին, հոսպիտալներում էին»,-պատմում է առաձնացված N զորամասի շարքային Հ-ն: Նա մեկ տարի է, ինչ ծառայության մեջ է: Ասում է, որ այս մեկ տարին հոգեբանական ծանր վիճակում է անցրացրել: «Կապ չունի, որ քո կողքինները նույն պրոբլեմով են, -մենք մեր այդ խնդրի մասին իրար հետ չենք խոսում»:

Ըստ Հ-ի, նա, ով գիշերը խնդիր է ունեցել, անպայմանորեն շեղվում է օրակարգից: «Ժամանակ ա գնում քո անկողինը փոխելու, ներքնակը դուրս հանելու, արևին գցելու վրա, պետք է նաևւ հասցնես լողանալ, չորանալ ու հետ գալ, միանալ մյուսներին: Իհարկե, սպաները այդ ամենը հասկանում են, քեզ ընդառաջ են գնում, բայց դու շեղվում ես օրակարգից»:

Առանձնացված զորամասում ամառային ամիսներին համընդհանւոր հոգսը ջուրն է: «Բոչկա կա մեծ, անընդհատ մեր ուշքու միտքը էդ բոչկան է, հետևում ենք, որ անընդհատ ջուր հավաքվի: Առանց ջրի կորած ենք: Ոչ լվացք կարող ենք անել, որ լոգանք ընդունել»,-ասում է նա:

Սահմանափակումներով ծառայությունը գիշերամիզությամբ տառապողների առանձնացված զորամասում անարդյունավետ է: Ժամկետային զինծառայողների զբաղմունքը զորամասի մաքրությունը պահելն է:

«Մեր ծառայության ամենամեծ նպատակը խոտեր հավաքելն է, բուսականությունը ջրելը, մաքրություն անելը: Վերջերս զորամասի սպաների հետ խոսելով, հասանք նրան, որ մեզ թույլ տվեցին օրվա շոգ ժամերին մաքրություն չանել: Հիմա առավոտ ու երեկո ենք ծառայում»,-ասում է Հ-ն ու հարց է տալիս. Էդ ի՞նչ ծառայություն է, ո՞ւմ է պետք»:

Սյուզան Սիմոնյան

Մանրամասները՝  Forrights.am-ում։

Back to top button
Close