ՀՀԿ-ի համար թալանչու ձեռքը բռնելը քաղաքական հետապնդում է. Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ ՀՀԿ տարածած հաղորդագրությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Կգա՞ այն օրը, երբ բոլորս միասին նույն իմաստով կհասկանանք, թե ի՞նչ է նշանակում «քաղաքական»։
«Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը եւ կայացրել է բացառապես քաղաքական որոշում:
Նշված գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ»։
Ով կհավատա, որ սա այսօրվա ՀՀԿ-ի հռետորաբանությունից է։
ՀՀԿ-ն փաստորեն այս բառերին ծանոթ է: Ճիշտ է, ՀՀԿ-ն շարունակում է չարձագանքել ՀՀԿ-ի իշխանության շրջանի չարաշահումների ու թալանի մասին կոնկրետ բացահայտումներին ու նյութերին, բայց այդ թալանի ու չարաշահումների կենտրոնական դեմքերի նկատմամբ քրեական գործերի հարուցումների դեմ բուռն ըմբոստացումները և նրանց քաղաքական հետապնդման զոհ ներկայացնելու պրակտիկային արդեն կատարյալ տիրապետում է։ Ստացվում է, որ ՀՀԿ-ի համար թալանչու ձեռքը բռնելը քաղաքական հետապնդում է: Իսկապես էլ այդպես է, չէ՞ որ թալանչին թալանելու իրավունքը և հնարավորությունը ձեռք էր բերել ՀՀԿ քաղաքական պաշտպանությամբ։ Չնայած միշտ անհասկանալի է մնում «քաղաքական» բառի ՀՀԿ ընկալումը՝ մի՞թե իսկապես միայն թալանչին է քաղաքականը, և միայն թալանը և թալանից մաս հանելը՝ քաղաքականություն: Ոչ, չեմ հավատում»։