Նորություններ

Երևանի կենդանաբանական այգի է տեղափոխվել գորշ արջ․ նա չի վախենում մարդկանցից

Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունիսի 25-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջնորդությամբ Հրազդանից ԵԿԱ է տեղափոխվել գորշ արջ:

Կենդանին արու է, 6 ամսական, քաշը՝ 8 կիլոգրամ: Մասնագետի խոսքով՝ քաշը տվյալ հասակի քոթոթի համար բավականին քիչ է, ինչը խոսում է կենդանու ոչ լիարժեք խնամքի մասին: Կենդանու ծագման վերաբերյալ ստույգ տվյալներ չկան: Դատելով կենդանու վարքագծից՝ արջը երկար ժամանակ խնամվել է մարդու կողմից. չի վախենում մարդկանցից և կեր է պահանջում: Գորշ արջը տվյալ տեսակին ոչ բնորոշ վարքագիծ է դրսևորում՝ ծծում է թաթը, նյարդային շարժումներ անում: Վարքագծային շեղումների առաջացման պատճառը մարդկանց կողմից ոչ գրագետ խնամքն ու կերակրումն է:
Ներկայումս կենդանին գտնվում է կարանտինային բաժանմունքում, կատարվում են ամենօրյա հետազոտումներ, նախատեսվում են նաև լաբորատոր հետազոտություններ: Արջի առողջական վիճակի մասին լիարժեք տեղեկատվություն կարող ենք տրամադրել 1 ամսից՝ կարանտինային ժամանակահատվածի ավարտից հետո: 

Back to top button
Close