Նորություններ

Ռոբերտ Քոչարյանն ամնեզիայո՞վ է տառապում, թե՞ ինքը դատավորներին հրահանգում էր միջնորդավորված. Պարգեւ Օհանյան

«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանն ամնեզիայով է տառապում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի նախկին դատավոր Պարգև Օհանյանը, որի լիազորությունները, հիշեցնենք,  2007 թվականի հոկտեմբերի 16-ին դադարեցվել էին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով՝ Օհանյանի կողմից քրեական և քաղաքացիական գործերում թույլ տված խախտումների պատրվակով։

Ռ. Քոչարյանը մինչև կալանավորվելը ծավալուն իր հարցազրույցում անդրադարձել էր դատական համակարգին՝ հայտարարելով, որ իր տարիներին երբեք և ոչ մի անգամ հրահանգ և զանգ չի եղել որևէ դատավորի: Քոչարյանը հայտարարեց նաև, որ ոչ միայն իր կողմից, իր աշխատակազմի կողմից ևս հրահանգ չի եղել, և դատավորներն իր օրոք գործել են բացառապես անկախ:

«Բնական է, պիտի մի բան ասի, ասում է երևի նրա համար, որ իր համար մի երկու դեպքը այնքան էլ էական չէ: Կամ երևի համարում է, որ միջնորդավորված միջամտությունները միջամտություններ չեն: Իր աշխատակազմի կողմից է եղել, վճռաբեկ դատարանի նախագահի կողմից է եղել, տարբեր միջնորդավորված հրահանգներ են եղել»,- ասում է Պարգև Օհանյանը՝ դժվարանալով հիշել ևս մեկ դատավորի անուն, ով հանդգնել է Քոչարյանի տարիներին հրահանգի դեպքում հրաժարվել այն կատարելուց:

«Եթե լինեին այդպիսիք, ապա վստահ եմ՝ իրենց լիազորություններն էլ կդադարեցվեին, և իրենց անունն էլ պարզ կլիներ, այժմ չեմ հիշում նման մի անուն»:

Ինքը՝ Պարգև Օհանյանը, օրինակ, պատժվել է Քոչարյանի կողմից: Դատավորի լիազորությունների դադարեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակեց Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում գրեթե երկու տարի անցկացրած «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներին՝ Գագիկ Հակոբյանին ու Արամ Ղազարյանին։

Վերջիններիս նկատմամբ հետապնդում կար, և նրանք հրապարակավ հայտարարել էին, որ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարությունն իրենցից կաշառք է պահանջում, որն իրենք հրաժարվում են տալ:

Այնուհետև գործ էր հարուցվել այս գործարարների նկատմամբ՝ մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով։ Դատախազների կողմից պահանջվել էր 12 տարվա առավելագույն պատիժ, իսկ Օհանյանը նրանց արդարացրել էր։

Իսկ ո՞վ էր Քոչարյանի խափանման միջոցը փոխող և նրան նորից ԱԱԾ ուղարկող դատավոր Արմեն Դանիելյանը: Ինչպիսի՞ գործելաոճով է աչքի ընկել, արդյոք նա գործում է խղճի մտոք, թե՞ ներկա իշխանություններին սիրելի լինելու սկզբունքով:

Պարգև Օհանյանն ասաց, որ ինքը Արմեն Դանիելյանին չի ճանաչում.

«Նա իմ սերնդակիցը չէ, չեմ ճանաչում, դրական կարծիք եմ լսել իր մասին: Երբ ես դատավոր էի, ինքը դեռ դատավոր չէր, օգնական էր: Գիտեք, դատավորները հիմնականում նորմալ մարդիկ են, նայած ինչ միջավայրի մեջ են, ես միշտ զուգահեռ եմ անցկացնում. նույն այգին մեկը Արարատյան դաշտավայրում է, մեկը Ապարանում, մյուսն էլ չգիտեմ ուր: Նայած ինչ միջավայր կլինի, պետք է փոխել միջավայրը»:

Ստեղծվում է արդյոք նորմալ միջավայր, ինչ ճանապարհ է ընտրել այսօրվա իշխանությունը, և արդյոք այդ ճանապարհը ճիշտ է ընտրված:

Ըստ Պարգև Օհանյանի՝ ճանապարհը ճիշտ է, բայց քարքարոտ է.

«Ճանապարհը պետք է նորոգել: Կարգավորելու համար դեռ շատ անելիք կա, կոնկրետ մոտեցում է պետք, օրենսդրությունը պետք է կարգի բերվի, զուգահեռ բարեփոխումներ են պետք վեթինգի հետ, նոր կադրերի պատրաստում, աշխատավարձի բարձրացում»:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button