ՆորություններՔո ձայնը

«Պետության շահը և Նիկոլի շահը»

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արդյոք պետության շահը և իշխանության շահը նույնական են, իսկ եթե ոչ, ապա ո՞րն է առաջնային։

Ստեփան Դանիելյան

Հարցը թվում է հռետորական, որովհետև որոշումները միշտ ընդունում է տվյալ պահի իշխանությունը, և բնականաբար, սեփական շապիկը մարմնին ավելի մոտ է։ Իսկ երբ իշխանությունն անձնավորված է, և որոշումներն ընդունում է մեկ անձ, ապա հարցադրումն ավելի խիստ է կարող դառնալ՝ մեր դեպքում․ ո՞ւմ շահն է առաջնային՝ Նիկոլի՞նը, թե՞ պետությանը։

Եթե կոնկրետ դեպքերը քննարկենք, ապա այն տպավորությունն է ստեղծվում, որ Նիկոլի շահն առաջնային է համընդհանուր շահից։

Օրինակ, ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ հաստատ պետության շահերից չի բխում: Կամ ո՞ւմ շահերից է բխում ոչ թե բարեփոխել, այլ դիսկրիդիտացնել դատական համակարգը. հաստատ պետության շահերից չի բխում: Կամ ո՞ւմ շահերից է բխում խորհրդարանը լցնելը ապաքաղաքական զանգվածով. հաստատ դա պետության շահերից չի բխում։

Այդ դեպքում ո՞ւմ շահերից է դա բխում. ակնհայտ է, որ դա բխում է նման որոշումներն ընդունողի շահերից, և այդ ամենի իրավացիությունը կարելի է մեկ քայլից այն կողմ մտածել չկարողացող կամ չուզող, կարծրատիպերով շարժվող մարդկանց տարբեր եղանակներով ներարկել։ Փորձը ցույց է տալիս, որ կարճատև ժամանակով դա հնարավոր է։

Մյուս կողմից Նիկոլին չի կարելի մեղադրել, որովհետև պետության շահը հանրության համար ձևակերպված չէ, և դրանում ժողովուրդը չէ, որ մեղավոր է։ Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա նա ունի այն, ինչին տենչում էր՝ իշխանություն, իսկ մենք ինչ ենք ուզում, դեռևս պարզ չէ։ Այս առումով Նիկոլը մեղավոր չէ»։

Ավելին
Back to top button
Close