ՆորություններՔո ձայնը

Գիտե՞ք` երիտասարդ տարիքում ես… գողություն եմ արել… Վազգեն Ա Վեհափառ

ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը  Ֆեյսբուքի իր էջում պատմություն է հրապարակել Հայաստանի ռադիոյի 90-ամյակին նվիրված գրքից:

«1990-ականների դժվարին օրերին ազգը հոգևոր աջակցության խիստ կարիք ուներ: Եվ Վազգեն Առաջինը, որին հավատում և սիրում էին բոլորը, համաձայնել էր հարցազրույց տալ: Այն վարելու էր Արմեն Ամիրյանը, և դա մեծ պատիվ էր երիտասարդ լրագրողի համար: Հանդիպումը մեծ պատասխանատվություն էր պահանջում, և Ամիրյանի անհանգստությունն ու հուզմունքը զրույցից առաջ բնական էր:

Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ պարզ ու ջերմ մթնոլորտում: Հայրապետը նրան ընդունեց իրեն հատուկ ժպիտով, խոսեց և վերջում էլ առաջարկեց ճաշել իր հետ: Ո՞վ կմերժեր Վեհին, առավել ևս՝ նրա հյուրասիրության առաջարկը: Եվ երբ արդեն սեղանի շուրջն էին, Կաթողիկոսն Արմեն Ամիրյանին անսպասելի առաջարկ արեց.

Արմեն Ամիրյան
Արմեն Ամիրյան

— Անջատի՛ր տեխնիկան, հետաքրքիր պատմություն եմ պատմելու: Երբեք, ոչ մի տեղ չես լսի, բայց… նկատի ունեցիր, որ մամուլի համար չէ:

Ինչպես կվարվեին լրագրողներից շատերը, Ամիրյանն էլ որոշեց, ամեն դեպքում, ունենալ բացառիկ նյութը և ձևացրեց, թե իբր անջատել է ձայնագրիչը (Աստված թող ների): Ու երբ «պատրաստ էր», Վեհափառն սկսեց.

— Գիտե՞ք, երիտասարդ տարիքում ես… գողություն եմ արել… Այս անսպասելի խոստովանությունից Ամիրյանն իրեն անհարմար զգաց: Միայն այն գիտակցումը, որ իր «մասնագիտական ագահության» պատճառով Կաթողիկոսի անկեղծ խոստովանությունը կարող էր թեկուզ պատահաբար հանրության սեփականությունը դառնալ, և դրա մեղավորը կարող էր ինքը լինել, տակն ու վրա արեց սիրտը: Եվ այն է` ուզում էր ներողություն խնդրել Վեհափառից և ջնջել նոր սկսված ձայնագրությունը, երբ նկատեց, որ Կաթողիկոսն այնքան է ոգևորվել պատմությամբ, որ ընդհատելը նույնքան տգեղ ու անիմաստ կլիներ: Իսկ Վազգեն Առաջինն իրոք մտովի տեղափոխվել էր իր ջահել ու փոթորկուն տարիները:

— Երիտասարդ էի: Մի ծանոթ ռուս սպա` սահմանապահ կայազորի հրամանատարը, պատմեց, որ սահմանից քիչ այն կողմ՝ Թուրքիայի տարածքում, մի քանի բացառիկ խաչքարեր կային, որոնք, հավանաբար, թուրքերը պատրաստվում էին որպես շինանյութ օգտագործել: Խնդրեցի` եթե հնարավոր լինի, լուսանկարել դրանք: Երբ մի քանի օր անց սպան ցույց տվեց նկարները` սիրտս ճմլվեց: Իսկապես, յուրահատուկ հուշաքարեր էին, որոնք շինարարական աղբի հետ, որպես մի անպիտան բան, անփույթ դարսված էին կույտի մեջ: Սիրտս ցավեց, չէ՞ որ դրանք հոգևոր և մշակութային բացառիկ արժեք էին ներկայացնում հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու համար: Այդ պահից պատրաստ էի ամեն ինչի, միայն թե գերությունից փրկեի անօթևան խաչքարերը: Դրանք կարծես Եղեռնի ժամանակ սպանված ու անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում էին՝ չգտնելով Համբարձման ճանապարհը … Այդ պահին հասկացա, որ ինչ գնով էլ լինի, պիտի փրկեմ նրանց: Բայց ինչպե՞ս: Միայնակ այդ հարցը չէի կարող լուծել: Պաշտոնական ընթացակարգով առաջնորդվելն էլ անիմաստ էր: Խորհրդային իշխանությունների համար խաչքարերն արժեք չէին ներկայացնում: Մնում էր միայն մեկ, իրականում շատ արկածախնդիր տարբերակ …Եվ ես որոշեցի ռիսկի դիմել: Երեկոյան հյուր գնացի սահմանապահ զորքերի հրամանատարին:

Հայկական հյուրասիրությանը վայել սեղան բացեցի: Հաճելի երեկո անցկացրինք: Կերանք, խմեցինք, կյանքից պատմություններ պատմեցինք, կենացներ ասացինք և հարազատացանք: Մեր մշակույթի ու հոգևոր կյանքի մասին շատ բան պատմեցի նրան, խոսեցինք Ցեղասպանությունից, մեր ժողովրդի ծանր ճակատագրից ու մեղավորների անպատժելիությունից, պատմեցի հայերի համար խաչքարերի հոգևոր ու պատմական նշանակության մասին: Տեսնում էի, որ հուզեցի զինվորականին: Զրույցի ողջ ընթացքում, սակայն, մի միտք էր տանջում ինձ` արդյոք իրավունք ունե՞մ այս մարդուն ներքաշելու իմ համարձակ նախաձեռնության մեջ: Ապավինելով Աստծո կամքին` հրաժեշտից առաջ համարձակություն ունեցա և ասացի, որ ուզում եմ… գողանալ խաչքարերը:
Հուրախություն ինձ` զրուցակիցս իսկական ընկեր էր` մարդ, ով անտարբեր չէր դիմացինի ցավի նկատմամբ: Միասին սահմանն անցնելու և խաչքարերը Հայաստան տեղափոխելու մանրամասն ծրագիր մշակեցինք և օրեր անց հանդիպեցինք. վստահ էի, որ իրականացնելու ենք մտադրությունս: Սահմանի առաջին հատվածն անցանք ես, երկու հոգևորական ու չորս զինվոր. ոտքով անցանք: Լավ է՝ այդ ժամանակ Արաքսի ջուրն այնքան էր նվազել, որ գետն ասես ծանծաղուտ լիներ: Պարզ է, որ պետք է հագնվեինք շատ գործնական՝ ջինսեր, մուգ գույնի վերնաշապիկ և մարզակոշիկներ: Մեզ բարդ ֆիզիկական աշխատանք էր սպասվում: Քիչ անց մոտեցավ նաև սահմանապահ զորամիավորման բեռնատարը, որով էլ պիտի տեղափոխեինք խաչքարերը: Սպասեցինք, մինչև մթնեց: Չնայած բոլորս էլ երիտասարդ էինք, միևնույնն է, գործը ծանր էր: Բարձեցինք: Երբ արդեն համարյա վերջացրել էինք, հեռվում ձայներ լսվեցին… Հավանաբար, թուրք սահմանապահներն էին: Այլևս հապաղել չէինք կարող: Սահմանը հետ անցանք բարեհաջող, բայց, այնուամենայնիվ, կրակոցներ եղան: Մեզ նկատել էին: Մի քանի օր հետո ռուս սպան եկավ ինձ մոտ, բայց արդեն` քաղաքացիական հագուստով:
Տագնապի ազդանշանը ցնցել էր Խորհրդային Միության ամբողջ սահմանը, և օրենքի տեսանկյունից մեր արարքը խորհրդային սահմանի խախտում էր, ինչի համար խիստ պատիժ էր սահմանված: Ու թեև զինվորականի նրա կարիերան արդեն ավարտված կարելի էր համարել, բայց իմ նոր բարեկամի դեմքից հասկացա, որ ընդհանրապես չի զղջում արածի համար: Ռուս սպան մեկնեց՝ թողնելով քաջ, բարի, ազնիվ, աստվածահաճո մարդու հիշատակ, իսկ խաչքարերը տեղադրվեցին այստեղ՝ Վեհարանի մուտքի մոտ:
— Հիմա դու գիտես, որ Հայրապետը երիտասարդ տարիներին գողություն է արել,- ավարտեց Վազգեն Առաջինը: Հետո լուռ ժպտաց և ձեռքն Ամիրյանի ուսին դնելով՝ ավելացրեց.
— Իսկ տեխնիկան, այնուամենայնիվ, պետք է անջատեիր: Այ, երբ գաս քարոզ լսելու, ձայնագրիր որքան կուզես»:

Back to top button
Close