Մարտի 1-ը բացառապես իրավական հարթության մեջ ենք դիտարկում

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով կրկին կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նշեց, որ երբ այս հարցի հետ կապված իրավական հանգուցալուծում կլինի, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա:
Հարցին, թե ԲՀԿ-ն կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում ոչ օրենք կա, ոչ էլ օրինականություն, Տոնոյանն ընդգծեց.
«Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առաջ բոլորն են հավասար, և այս հայտարարության մեջ պետք է դիտարկել տեղի ունեցող իրադարձությունները»:
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց, որ իրենք կիսում են օրենքի գերակայությունը, և երբ գործընթացի ամբողջական պատկերը կստանան, իրենց գնահատականները չեն ուշանա։
«Ոչ միայն երկրորդ նախագահի, այլ նաև առաջին, երրորդ կամ ներկայիս վարչապետի հետ կապված ով ինչ է ասել և ինչ է ենթադրել, ինչ ձևով է այդ ամենը մեկնաբանում՝ չեմ պատրաստվել, չեմ պատրաստվում և չեմ էլ պատրաստվելու մեկնաբանությամբ հանդես գալ»,- ամփոփելով խոսքը՝ նշեց Էնֆիաջյանը: