Նորություններ

Նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին

 «Փաստինֆո»-ն շարունակում է ներկայացնել նորանկախ Հայաստանի արյունոտ էջերի մանրամասները. 1994 թվականի ամռանը  ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը հանձնարարել էր սպանել Գուրգեն Եղիազարյանին, որն իմացել էր, որ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձի հեղինակը Սիրադեղյանն է։

 «Չկա մարդ՝ չկա պրոբլեմ». Սիրադեղյանի համար նախընտրելի էր համարվել այս  բանաձևը

1994 թ. հուլիսին, Վանո Սիրադրղյանը ՆԶՎ պետ Վահան Հարությունյանին հանձնարարել է նախապատրաստել և իրագործել ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի տեղակալ Գուրգեն եղիազարյանի սպանությունը, որն իր ծառայողական պարտքը կատարելու կապակցությամբ համոզմունք է արտահայտել առ այն, որ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ կատարված սպանության փորձը կազմակերպել է Վանո Սիրադեղյանը:

Վահան Հարությունյանը ստանձնելով Գուրգեն Եղիազարյանի սպանության կազմակերպումը և հետագայում Վանո Սիրադեղյանին պարբերաբար զեկուցելով, որ դեռևս զբաղվում է նրա հանձնարարության կատարումն ապահովելու ուղղությամբ, իրականում գործուն միջոցներ չի ձեռնարկել և նրա սպանությունը չի իրագործել՝ Վանո Սիրադեղյանի կամքից անկախ պատճառներով:

Այն, որ Վանոն հանձնարարել է սպանել Եղիազարյանին, հիմնավորվել է  գործով տուժող Եղիազարյանի և տվյալ դրվագով վկա՝ Վահան Հարությունյանի ցուցմունքներով։

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության ընթացքում դեռեւս որպես վկա հարցաքննվելիս 1998-ի հունիսի 22-ին Վանո Սիրադեղյանը չի ժխտել, որ սրված են եղել իր հարաբերությունները  Գուրգեն Եղիազարյանի հետ:

Վանո Սիրադեղյանն ասել է՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել

Վահան Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ 1994 թ. հուլիսին Սիրադեղյանը նախապես  իրեն ասել է և  ապա՝ տեղեկացրել, որ իր մոտ է ուղարկելու ՆԳՆ  7-րդ վարչության պետի պաշտոնակատարին, որի անունը Գևորգ էր և որը նրա համերկրացին է:

Իր աշխատասենյակի հանգստի սենյակում Գևորգը  իրեն է տվել Գուրգեն Եղիազարյանի հասցեն՝ նկարագրելով նրա տան տեղը և առօրյայի  մանրամասները: Իսկ մեկ ժամ անց նրան կանչել է Սիրադեղյանը և շատ բորբոքված՝ հայհոյանքներ տալով Գուրգեն Եղիազարյանի և ուրիշների հասցեին, ասել է՝ «Տեսնում ես դու այդ… Գուգոյին, լկտի…»

Վահան Հարությունյանի հիշելով՝ այդ բորբոքվածությունը կապված է եղել մեկ ամիս առաջ Վլադիմիր Գրիգորյանի վրա կատարված մահափորձի հետ, քանի որ Դավիթ Շահնազարյանն ու Գուրգեն Եղիազարյանը պնդել են, որ այդ «չհաջողված» մահափորձը կազմակերպվել է Վանո Սիրադեղյանի անմիջական հովանավորությամբ: Իսկ Գուրգեն Եղիազարյանն այդ ժամանակ Ազգային անվտանգության վարչության պետ Դավիթ Շահնազարյանի օպերատիվ գծով տեղակալն էր:

Հատկանշական է. որ Վլադիմիր Գրիգորյանի մահափորձից հետո այդ հանցագործությունը բացահայտող շրջանի ՆԳ բաժնի պետին Վանո Սիրադեղյանն ազատել է աշխատանքից:

Վ. Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ երբ Սիրադեղյանն ասել է, թե՝ Գուրգեն Եղիազարյանին պետք է վերացնել, այսինքն՝ սպանել, ինքն առարկել է, թե՝ ինչու ֆիզիկապես վերացնել, կարելի է նրան աշխատանքից ազատել: Սակայն Սիրադեղյանը բարկացած պահանջել է, որ ինքը կատարի իր ասածը, պնդելով, որ Գուրգեն Եղիազարյանը «տղա» է և նրան անհրաժեշտ է վերացնել: Էս լածիրակին նայեք, ուզում է ՆԳ նախարար դառնալ՝ ավելացրել է նա:

Վահան Հարությունյանը շրջանցել է Սիրադեղյանի հանձնարարությունը

Հարությունյանի ցուցմունքով՝ ինքն արդեն բավականին փորձ է ունեցել Վանո Սիրադեղյանի նմանատիպ հանձնարարությունները շրջանցելու, ինչը կիրառել է նաև այդ դեպքում: Նա Արթուր Շահբազյանին, Արթուր Խաչատրյանին և Խաչատուր Դովլաթյանին ու Մովսես Ներսիսյանին հանձնարարել է հետևել Գուրգեն Եղիազարյանին, քանի որ հաստատ համոզված է եղել, որ Վանո Սիրադեղյանը ստուգելու է իր գործողությունները: Ինքը հանձնարարության կատարումը ձգձգել է մոտ մեկ շաբաթ, որից հետո Սիրադեղյանն իրեն ասել է՝ կարո՞ղ է տղաներդ վախկոտ են, չեն կարողանում գործն անել: Ինքը բացատրել է, որ Գուրգեն Եղիազարյանին աննկատ սպանելն անհնար է, քանի որ համարյա մենակ չի լինում, միշտ օրգանի աշխատակիցների հետ է: Այնուհետև Վանո Սիրադեղյանն իմանալով, թե ովքեր են հանձնարարություն կատարողները, ասել է իրեն՝ գործին ներգրավել լուրջ մարդկանց՝ ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին և նրա տեղակալ Վիրաբ Մանուկյանին, որից հետո ինքը հրավիրել է այդ անձանց և փոխանցել նրանց նախարարի հանձնարարությունը: Այնուհետև՝ հիշյալ անձինք հարցրել են, թե ինչու Սիրադեղյանն անմիջապես իրենց չի դիմում այդ հարցով, ինքն էլ՝ խորհուրդ է տվել պատասխանը նախարարից ճշտել: Իսկ թե հետո նրանք ճշտել են, թե՝ ոչ ինքը տեղյակ չէ:

 Արթուր Շահբազյանը և Արթուր Խաչատրյանը ընթացքում որոշել են «յան տալ» Վահան Հարությունյանից

Գործով մեղադրյալ Արթուր Շահբազյանի ցուցմունքով՝ 1994թ. ամռանը Արթուր Խաչատրյանի հետ միասին Վահան Հարությունյանի հանձնարարությամբ ՀՀ պետանվտանգության վարչության ինչ-որ աշխատակցի բնակության վայրը՝ շենքն ու մուտքը ճշտելու համար,ՆԶՎ ծառայական «Վազ -2106» մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենայով գնացել են Երևանի կոնսերվատորիային հարող փողոցը: Այդ հանձնարարությամբ իրենցից բացի զբաղվել են Մովսես Ներսիսյանը և Խաչատուր Դովլաթյանը: Վ. Հարությունյանն իրենց ասել է, որ ՆԳՆ  7-րդ վարչության աշխատակիցների կողմից արդեն ճշտվել է, թե երբ է այդ անձնավորությունը տնից դուրս գալիս, երբ է վերադառնում և այլն, իսկ իրենց հանձնարարել է ճշտել շենքի մուտքն ու ելքը: Հանձնարարությունը կատարելուց 1-2 օր անց Վ. Հարությունյանը իրեն, Արթուր Խաչատրյանին, Մովսես Ներսիսյանին, Խաչատուր Դովլաթյանին և ՆԶ հատուկ նշանակության ջոկատի պետ Վաղինակ Սարգսյանին ու վերջինիս տեղակալ Վիրաբ Մանուկյանին հրավիրել է իր մոտ՝ քննարկելու թե ինչ պլան կարելի է մշակել՝ նշված մարդուն սպանելու համար: Երբ  վերջիններս Վ. Հարությունյանին հարցրել են, թե ում հրամանով է դա և ում պիտի սպանեն,  Հարությունյանն ասել է, թե հրաման տվողը՝ անձամբ Վանո Սիրադեղյանն է, իսկ այդ անձնավորությունը /իմա՝ սպանության թիրախը/ պետանվտանգության աշխատակից է: Իրենք քննարկել են այդ թեման, սակայն կոնկրետ ոչինչ չի որոշվել: Դրանից հետո ինքն ու Արթուր Խաչատրյանը առանձին խոսակցություն են ունեցել և որոշել են հրաժարվել այդ սպանությունից, ընդհանրապես՝ «յան տալ» Վահան Հարությունյանից, քանի որ նրա հանձնարարություններն իրենց լավ բանի չեն տանի:

Այդ պաշտոնյան հաճախ է ճաշում Նորագավիթում՝ Քյավառ Ժոռի խորտկարանում

Գործով մեղադրյալ Արթուր Խաչատրյանն իր  ցուցմունքում նույն տեղեկություններն է տալիս, ինչ Արթուր Շահբազյանը. միայն որոշ լրացումներ կան: Մասնավորաբար, նա հայտնել է, որ Վահան Հարությունյանի աշխատասենյակում կայացած  քննարկման ժամանակ խոսվել է մի պաշտոնյանի սպանելու մասին, որը բնակվում է կոնսերվատորիայի հետևի շենքերից մեկում, որն աշխատանքի է գնում սև գույնի «ԳԱԶ-24»մակնիշի ԱԴԳ սերիայի ավտոմեքենայով և որն ունի թիկնապահներ, շատ զգուշավոր է և հաճախ է ճաշում Նորագավիթում՝ «Քյավառ Ժոռի» խորտկարանում:

Նա նաև հայտնել է, որ վերջինիս սպանելու հարցի քննարկման ժամանակ Վաղինակ Սարգսյանը և Վիրաբ Մանուկյանը դժգոհել են, թե դա հասարակ գործ չէ, կապված է բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ և այն դժվար է կատարելը:

Նա պատմել է նաև, թե ինչպես հաջորդ օրը Մովսես Ներսիսյանը դուրս գալով Վահան Հարությունյանի կաբինետից, իր ու Խաչատուր Դովլաթյանի հետ ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել են  Կարապի լիճ, որտեղից «չծակվելու» համար ինքն ու Մովսես Ներսիսյանը իջել են ավտոմեքենայից ու ոտքով գնացել դեպի կոնսերվատորիայի կողմը, իսկ Խաչատուր Դովլաթյանը սպասել է ավտոմեքենայի մեջ: Իրենց նպատակն է եղել, ճշտել, թե Վահան Հարությունյանի կողմից նշված «ՎԱԶ-24» մակնիշի ԱԴԳ սերիայի մեքենան երբ է շարժվելու շենքի բակից և դեպի ուր է գնալու:

20-25 րոպե սպասելուց հետո պարզել են, որ նշված սև գույնի ավտոմեքենան դուրս եկավ բակից և շարժվեց Սայաթ-Նովա փողոցի ուղղությամբ: Ավտոմեքենայում նստած են եղել 4 ուղևոր, որոնցից մեկը՝ տարեց՝ 50-55 տարեկան, սպիտակ մազերով անձնավորություն է եղել, իսկ մյուսները՝ երիտասարդներ: Դրանից հետո վերադարձել են ՆԶ վարչություն և այնուհետև այդ պաշտոնյայի նկատմամբ այլևս հսկողություն չեն իրականացրել:

Ի դեպ, վկա Կոլյա Ադյանը, որը Վահան Հարությունյանի ծառայողական ավտոմեքենայի վարորդն է եղել, իր ցուցմունքներում հաստատել է վերը նշված փաստերը:

Գուրգեն Եղիազարյան. Իմ հանդեպ Սիրադեղյանի հետապնդումները սկսվեցին Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո

Տուժող Գուրգեն Եղիազարյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը ավելի քան 20 տարի ծառայել է ՆԳ և ԱԱ նախարարությունների համակարգում և թոշակի է անցել 1995թվականին, ընդ որում, 1993-ի դեկտեմբերից հուլիս ամիսը հանդիսացել է ՀՀ ԱԱՊՎ պետի օպերատիվ գծով տեղակալը:

Նրա ներկայացմամբ՝ իր նկատմամբ Սիրադեղյանի հետապնդումները սկսվել են ՀՀ դատախազության քննչական վարչության նախկին պետ Վլադիմիր Գրիգորյանի սպանության փորձից հետո: Ինքն իմանալով, որ այդ հանցագործությունը կազմակերպել է Սիրադեղյանը, չի թաքցրել այդ հանգամանքը, այլ բացահայտ արտահայտվել է դրա մասին: Բացի այդ՝  դեպքից հետո Վլ, Գրիգորյանին վերցրել է ակտիվ պաշտպանության տակ՝ շուրջ 8 ամիս նրան հատկացնելով ԱԱՊՎ «Ալֆա» հատուկ ջոկատի սպաների կողմից անվտանգության ապահովում:

Գուրգեն Եղիազարյանի սպանության փորձը կազմակերպելու համար Վանո Սիրադեղյանին մեղադրանք առաջադրվել է ի թիվս այլ պատվիրված սպանությունների ու սպանության փորձերի, սակայն վերջինս,  լինելով ամբաստանյալ, 2000 թվականի ապրիլին դիմել է փախուստի՝ մինչեւ խորհրդարանը քննարկում էր նրան կալանավորելու վերաբերյալ համաձայնություն տալու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը։

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին
Back to top button