Նորություններ

Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու ՔԿՀ. պաշտպան

«Ակնհայտ ապօրինի որոշում է, որը մենք բողոքարկելու ենք»,-այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում քիչ առաջ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի այսօրվա որոշմանը. «Առանց բովանդակությանը ծանոթանալու էլ՝ կարող ենք ասել, որ սահմանադրականության խնդիր ունեցող հոդվածներով անձին  չի կարելի կալանավորել»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց դատախազ Պետրոսյանի, ինչպես նաեւ՝ տուժող Ավագյանի եւ վերջինիս ներկայացուցիչ Սաֆարյանի վերաքննիչ բողոքները՝ այդպիսով բեկանելով թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված անձնական երաշխավորություն խափանման միջոցի մասին որոշումը, թե գործի կասեցման եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը։ Դատավորը հայտնեց, որ Քոչարյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց կկիրառվի կալանավորումը։

Հովհաննես Խուդոյանի կարծիքով՝ այս որոշումը ՍԴ ընթացակարգերի վրա որեւէ ազդեցություն չի ունենալու. «ՍԴ ընթացակարգը որեւէ փոփոխության չի ենթարկվելու։ Ինչքան էլ նոր պրոցեսներ հնարեն, ՍԴ-ն ամեն դեպքում իր պրոցեսը տանելու է, անգամ եթե գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու որոշումը բեկանվել է, որովհետեւ միայն ՍԴ-ն է կարող որոշել՝ ինքը վարույթ ընդունում է թե ոչ»։

Ինչ վերաբերում է գործը Երեւանի ընդհանուր իրավասության դատարան հետ ուղարկելուն, Խուդոյանի պատկերացմամբ՝ այն մակագրվելու է նույն դատավոր Դավիթ Գրիգորյանին։ Հարցին՝ կարո՞ղ է այդ որոշումը հիմք հանդիսանալ նրա կողմից ինքնաբացարկ հայտնելուն, Խուդոյանը պատասխանեց. «Չեմ կարծում, օրենքով արգելող հանգամանք չկա, սա վերջնական դատական ակտ չէ, միջանկյալ որոշման դեմ է։ Պրակտիկայում շատ է լինում, որ Վերաքննիչ դատարանը փոխում է Առաջին ատյանի որեւէ որոշում, եւ Առաջին ատյանում այդ գործը շարունակում է քննել նույն դատավորը»։

Հովհաննես Խուդոյանը հայտնեց նաեւ, որ պաշտպանական կողմի՝ լսված լինելու իրավունքի խախտման հիմքով դիմելու են Բարձրագույն դատական խորհուրդ՝ դատավոր Արմեն Դանիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու. «Պարտադիր դիմելու ենք, բայց այս պահին դա առաջնային խնդիր չէ»։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի այն հարցին՝ արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանն անձամբ է ներկայանալու Երեւան կենտրոն ՔԿՀ, պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց. «Այո, թե երբ, դեռ պարզ չէ»։

 

Փաստինֆո

Ավելին
Back to top button