Նորություններ

Ինչպիսին էին դատարաններն իրենց օրոք՝ կարող է պատմել Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, ով գործադուլ էր անում

«Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը կարող են մեկնաբանել քրեական տարրերը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով երեկվա Քոչարյանի ծավալուն հարցազրույցին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքն այն մարդը չէ, որ պետք է մեկնաբանի Քոչարյանի հարցազրույցները:

Հիշեցնենք, Քոչարյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել և հայտարարել, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է տեղի ունենում, ինչը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրության արդյունք է, մյուս կողմից՝ կա արտաքին ճնշման ազդեցություն: Նպատակ ունեն իրեն հանել արանքից Արցախի խնդրին իշխանությունների կողմից լուծում տալու համար:

Նիկոլայ Բաղդասարյան

«Իր խոսքերը կարող է ներկայացնել դատարան, և թող քննչական մարմիններն իրավական գնահատական տան: Պարզապես ճիշտ չէ քաղաքական գնահատական տալ նրա խոսքերին: Այս պահին Քոչարյանն ինձ համար այն սուբյեկտն է, որը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար»:

Քոչարյանը երեկ նաև անդրադարձել էր դատական իշխանությանը՝ հայտարարելով, որ իր և Ս. Սարգսյանի օրոք դատարաններն անկախ են գործել:

«Դատավորներին երբեք չեմ զանգել, նաև աշխատակազմից ոչ մի զանգ չի եղել»,- վստահեցրեց Քոչարյանը:

Ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը խորհուրդ է տալիս արխիվից հանել Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանի կողմից կազմակերպված փաստաբանների գործադուլի մասին պատմող տեսանյութերը, և պարզ կդառնա, թե ինչպես են գործել դատարանները նախկին իշխանությունների օրոք:

«Իր պաշտպան Սահակյանը գործադուլ էր անում, պլակատները թող նայի և տեսանյութերը թող նայի ու թող ասի՝ ինքն ինչի է ստում: Մյուս կողմից հասկանում եմ՝ մարդն ունի պաշտպանության իրավունք, և այս հայտարարությունները դիտում եմ որպես պաշտպանության շրջանակներում արվող հայտարարություններ»:

Անդրադառնալով Փաշինյանի մասին Քոչարյանի պնդումներին՝ «Իմ քայլի» պատգամավորն ասաց, որ ինքը չէ, որ պետք է պատասխանի Փաշինյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին: Հասցեատերը՝ Նիկոլ Փաշինյանը, հստակ պատասխանել է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դիակ է:

«Քոչարյանը քաղաքական դիակ է, այդ մասին ասել է արդեն Փաշինյանը, և ես ավելացնելու բան չունեմ»:

Ավելին
Back to top button