Նորություններ

Հինգ հարց ու պատասխան ցմահ դատապարտյալներին վերաբերող նոր կարգավորումներից

  1. -Ե՞րբ է ուժի մեջ մտնում «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը:

-Օրենքն ուժի մեջ է մտնելու 2019 թվականի հունիսի 29-ից:

  1. -Օրենքն ի՞նչ կարգավորում է նախատեսել ցմահ դատապարտյալների համար:

-Ելնելով ցմահ ազատազրկման դատապարտված անձանց վերասոցիալականացման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու կարևորությունից՝ առաջարկվել է ցմահ ազատազրկման դատապարտված անձանց համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու համար նախատեսել, որ

1) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսափակ ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնհինգ տարին կրելուց հետո,

2) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,

3) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալը կարող է տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո։

 

  1. -Ո՞ր մարմինն է փոխում պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը:

-ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը՝ հաշվի առնելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած վարքագիծը, մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը և ուղղիչ հիմնարկում դատապարտյալներին անջատ պահելու պահանջները:

  1. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդյո՞ք ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միանգամից կկարողանան տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

-Ոչ: Օրենքի կարգավորումից բխում է, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք միայն աստիճանաբար կարող են տեղափոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ:

Մասնավորապես՝

  • փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսափակ ուղղիչ հիմնարկ` պատժի առնվազն 15 տարին կրելուց հետո,
  • կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել միայն կիսաբաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն տասնութ տարին կրելուց հետո,
  • կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձինք կարող են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ՝ պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:

Այսինքն՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կիսափակ կարող է տեղափոխվել փակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու պարագայում, կիսաբաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում, իսկ բաց կարող է տեղափոխվել տվյալ պահին կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրելու դեպքում:

 

  1. -Արդյո՞ք պատժի կրման ժամկետն է ամենակարևոր գործոնը մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու համար:

-Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց՝ մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող հիմնարկ տեղափոխվելու հիմքում չի դրվում միայն այն հանգամանքը, որ ցմահ ազատազրկման դատապարտված անձը կրել է Օրենքով նախատեսված պատժի համապատասխան ժամկետը, այլ անհրաժեշտ է նաև, որ վերջինս տվյալ պահին պատիժ կրելիս լինի նաև Օրենքով նախատեսված համապատասխան ուղղիչ հիմնարկում:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Back to top button
Close