ՄիջազգայինՆորություններ

Ռուսթավելիի պողոտայի վրա Գախարիայի կիսանդրին են տեղադրել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընթանում է բողոքի ակցիան, հինգերորդ օրն այն կրում է «Ամոթ է»  խորագիրը: 

Ցուցարարները բեմահարթակում տեղադրել են Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի կիսանդրին՝ աչքին վիրակապ, ի հիշեցում, որ ցույցերի առաջին օրը բախումների հետևանքով վիրավորների թվում երկու մարդ կորցրեց աչքը, ընդ որում մեկը՝ երիտասարդ աղջիկը, ցույցերի հետ ընդհանրապես որևէ առնչություն չուներ, այլ ուղղակի վերադառնում էր գիշերային հերթափոխից:

Հարկ է նշել, որ հենց Գախարիայի հրաժարականն է բազմամարդ ցույցերի գլխավոր պահանջը, որը մինչ այժմ չի բավարարվել: Ի սկզբանե պահանջներն ավելի շատ էին:

Հիշեցնենք, որ Խորհրդարանի խոսնակի հրաժարականին ցուցարարները հասան հենց առաջին հավաքից հետո: Այսօր հայտնի դարձավ, որ իշխանությունը կատարում է  նաև խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին վերադառնալու պահանջը:

Ցույցի ընթացքում հատուկ միջոցներ կիրառած որոշ իրավապահների լիազորություններ դադարեցվել են, երկուսի նկատմամբ քրեական գործ է  հարուցվել:

Ի դեպ, այսօր ավելի վաղ Գախարիան ցանկություն է հայտնել ելույթ ունենալ Խորհրդարանում, խոսել հունիսի 20-21-ի իրադարձությունների մասին: Համապատասխան գրությամբ նախարարն արդեն դիմել է գործադիրին:

Aliq.ge

Ավելին
Back to top button