ԱՌԱՆՑՔՈՒՄՆորություններ

«Մեզ համար չափազանց կարևոր է, որ մեր հարևան երկրներում լինի քաղաքական հավասարակշռված դաշտ». պատգամավոր

ԳԱԼԱ-ի «Առանցքում» հաղորդման շրջանակներում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը, անդրադառնալով հարևան Վրաստանում ստեղծված իրավիճակին, նշեց. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ մեր հարևան երկրներում լինի քաղաքական հավասարակշռված դաշտ և քաղաքական անդորր»:

Անդրադառնալով վրաց-ռուսական հարաբերությունների լարվածությանը ու նաև դրանց հնարավոր ազդեցությանը Հայաստանի վրա՝ պատգամավորն ասաց, որ առաջին հերթին այդ խնդիրները Հայաստանին կոմունիկացիոն խնդիրների առաջ են կանգնեցնելու, որն ամենևին նպաստավոր չի լինելու մեզ համար.

«Ես քաղաքական հարթակում ևս լավատես եմ և կարծում եմ, որ ինչ-որ եզր կգտնեն խնդիրը կարգավորելու և, եթե հնարավոր է, նաև շրջանցելու: Եվ Վրաստանը, և Ռուսաստանը քաջ գիտակցում են, որ, այնուամենայնիվ, տարածաշրջանում թեկուզ և հարաբերական, բայց խաղաղությունն ու անդորրը կարևոր են»:

Նրա խոսքերով՝ եթե որևէ տեսակի թեթև ցնցում է լինում, իր ազդեցությունը թողնում է Հայաստանի վրա:

Թե ինչ օգուտներ կարող է քաղել Հայաստանը ստեղծված իրավիճակից, պատգամավորն ասաց, որ տարբեր ոլորտներում մենք Ռուսաստանի համար կարող ենք լինել այլընտրանքային ուղի և պետք է սրան ընդառաջ գնանք:

Ավելին
Back to top button
Close