Նորություններ

«Դիպել են Վրաստանում գոյություն ունեցող շատ նուրբ նյարդի. Հայաստանն ուշիուշով պետք է հետևի գործընթացներին». Արսեն Խառատյան

Վրաստանում տեղի ունեցող զարգացումների շուրջ ԳԱԼԱ-ն զրուցել է Վրաստանի «Ալիք Մեդիա» լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանի հետ:

-Պարոն Խառատյան, ինչպիսի՞ իրավիճակ է այժմ Վրաստանում և ի՞նչ զարգացումների սպասել առաջիկայում:

-Այն, ինչ տեղի ունեցավ, բավականին անսպասելի էր: Համենայնդեպս, որևէ մեկը չէր ակնկալում, որ այդպիսի մասշտաբային բողոքի ցույցեր և հանրահավաքներ կարող են լինել: Ինչպես գիտեք, ուղղափառների խորհրդարանական հավաքի ընթացքում ռուսաստանցի պատգամավորների՝ Վրաստանի խորհրդարանում լինելու փաստը բավականին լուրջ դժգոհությունների առիթ դարձավ: Ի սկզբանե խորհրդարանի ներսում, հետո նաև բողոքի ցույցեր եղան այն հյուրանոցի առջև, որտեղ պատվիրակությունն էր, որից հետո, արդեն հունիսի 21-ի գիշերը, բազմամարդ հանրահավաք տեղի ունեցավ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի հարևանությամբ, որոնք ավարտվեցին բախումներով, հատուկ ուժի կիրառությամբ՝ ոստիկանական ուժերի կողմից: 200-ից ավելի տուժած քաղաքացի կա. բավականին լարված էր իրավիճակն ամբողջ գիշերվա ընթացքում:

Երեկ Թբիլիսիում դեռևս պարզ չէր, թե ինչպիսի զարգացումներ կլինեն: Ցերեկն արդեն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարություն տարածեց, որ խորհրդարանի խոսնակը հրաժարական է ներկայացրել, ինչը կարելի է դիտարկել այսպես, որ իշխանությունները թերևս ընդունեցին այն, որ այդտեղ խնդիր կար, և այն իրողությունը, որ խորհրդարանականներին թույլ էր տրվել խորհրդարանի նախագահությունում նստել, և այն վրդովմունքը, որն առաջացել էր հանրային տիրույթում: Հրաժարականն ինչ-որ առումով քայլ էր, գուցե նաև իրավիճակը մեղմելու նպատակով:

Երեկվա հանրահավաքը, կարծում եմ, էլ ավելի բազմամարդ էր, քան նախօրեինը: Ի սկզբանե մի քանի տեղում էին բողոքի գործողություններ տեղի ունենում, բայց հետո վերջում տեղափոխվեց Ռուսթավելի պողոտա և անցավ առանց բռնությունների, առանց բախումների: Մեծ հաշվով կարելի է ասել նաև, որ քաղաքական ուժերը, որոնք որ հայտարարում էին այդ հանրահավաքի մասին, իսկ դա հիմնականում Սահակաշվիլու կուսակցության կողմնակիցներն էին, իրենք չէ, որ վարում էին այդ հանրահավաքը: Նույնիսկ որոշ քաղաքական գործիչներից որոշներին երիտասարդները սուլոցներով թույլ չտվեցին, որ խոսեն: Հարթակը գերակշիռ մասով հենց ուսանողների կողմից էր կառավարվում:

Մոսկվայից այս ամենին հաջորդեցին տարբեր հայտարարություններ: Ռուսաստանի փոխարտգործնախարարի մակարդակով հայտարարություն եղավ, որտեղ նշվեց, որ այս ամենը տեղի է ունենում Վրաստանում ընդդիմադիր և ծայրահեղական տրամադրություններ ունեցողների կողմից: Ավելի ուշ Ռուսաստանի վարչապետ Դ. Մեդվեդևն անդրադարձավ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարությանը, որում Վրաստանի նախագահը Թբիլիսիում տեղի ունեցածում մեղադրել էր արտաքին ուժերին: Բացի այդ, նաև այցեր փոխվեցին: Խորհրդարանի խոսնակը Բաքվից իր այցը դադարեցրեց և վերադարձավ Թբիլիսի, Վրաստանի նախագահը վերադարձավ՝ հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը:

Երեկվա հիմնական պահանջը ներքին գործերի նախարարի՝ Գիորգի Գախարիայի հրաժարականի պահանջն էր, որը վերաբերում էր նախօրեին ուժի կիրառությանը և, ըստ ցուցարարների, դրա անհամաչափությանը: Բայց նաև խոսվում էր այն մասին, որ պահանջ է ներկայացվում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, ցույցերն առանց բախումների և առանց բռնությունների անցան, իսկ թե ինչ կարող է լինել այսօր երեկոյան, դժվար է ասել, կախված կլինի նրանից, թե հանրահավաքի ժամանակ ինչ քաղաքական ուժեր մասնակցություն կունենան, կլինե՞ն քաղաքական ուժեր, որոնք պատասխանատվություն կվերցնեն, կամ հայտարարություններ կանեն, որքան մարդ դուրս կգա, ինչ պահանջ կձևակերպվի… այս ամենը հստակ չէ որևէ մեկի համար:

-Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, կա՞ արտաքին միջամտություն վրաստանյան գործընթացների վրա, թե՞ ինքնաբուխ են տեղի ունեցող զարգացումները:

-Իմ տպավորությամբ, իրապես ինքնաբուխ գործընթաց էր: Իմ տպավորությամբ, այսպես ասենք, դիպել են Վրաստանում գոյություն ունեցող շատ նուրբ նյարդի, ներվի էին կպել, որը տարիներ շարունակ, հենց մասնավորապես Ռուսաստանի հետ կապված, Վրաստանում գոյություն ունեցող դիսկուրսներին է առնչվում և հանրային ընկալումներին:

-Եթե իրավիճակը չի հանգուցալուծվում, խորանում է, սա ի՞նչ վտանգներով կարող է հղի լինել:

-Այս պահին չեմ ուզում կանխատեսումներ անել… Ինչպես գիտեք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով դեպի Վրաստան թռիչքների դադարեցում է տեղի ունեցել:

Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե դա որքանով կազդի վրաստանյան տուրիզմի վրա, որովհետև զբոսաշրջության սեզոն է: Վերջին տարիներին այստեղ ապրելով ես կարող եմ ասել, որ զբոսաշրջիկների մեծ մասը Ռուսաստանից է: Դեռ պարզ չէ, թե ինչքանով սա կարող է ազդեցություն ունենալ վրաստանյան տնտեսության վրա, կապրենք կտեսնենք: Կան տեղեկություններ, որ տարբեր հյուրանոցներում նախապես արված սենյակների պատվերներն են չեղարկվել: Բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ եթե ի սկզբանե այս ըմբոստության պոռթկումը կապված էր ռուսաստանյան գործընկերների Վրաստան գալու և կոնկրետ իրավիճակի հետ, ապա այն այժմ անցել է դեպի վրաստանյան ներքաղաքական դիսկուրս և քննարկում:

-Այսինքն, կա մտավախություն, որ հարթակի պահանջներն էլ կարող են հընթացս փոխվել և սլաքներն ուղղվեն ներքաղաքական ասպարեզում առկա խնդիրների՞ ուղղությամբ:

-Այս պահին դժվար է ասել՝ ինչ զարգացում կլինի: Իհարկե, ռուսաստանյան քաղաքականության հետ կապված խոսակցություն կար, և հարթակից հնչում էին տարբեր ելույթներ, քննարկվում էր Աբխազիայի, Օսեթիայի հարցերը, բայց մեծամասամբ, իմ անձնական տպավորությամբ, ավելի շատ կենտրոնացվածություն կա ներքաղաքական գործընթացների վրա:

-Ձեր կարծիքով, Հայաստանի դիրքորոշումն ինչպիսի՞ն պետք է լինի այս իրավիճակում:

-Հայաստանն ուշիուշով պետք է հետևի գործընթացներին: Բնականաբար, մեզ համար կարևորագույն գործընկեր եղբայրական պետությունների մասին է խոսքը՝ մի կողմից ռազմավարական դաշնակցի, մյուս կողմից եղբայրական վրաց ժողովրդի և Վրաստանի մասին է խոսքը: Մեզ համար Վրաստանում կայունությունը շատ կարևոր է, և նաև, ինչու ոչ, վրաց-ռուսական հարաբերությունները որքան ավելի կառուցողական դաշտում լինեն, այդքան ավելի լավ Հայաստանի համար:

Արմենուհի Վարդանյան

Ավելին
Back to top button
Close