Նորություններ

«Որքան իրավիճակը լարվի Վրաստանում, որքան լարվեն Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները, սա ոչ մի լավ բան չի բերի Հայաստանի համար»

Հարևան Վրաստանում ծավալվող իրադարձությունների մասին ԳԱԼԱ-ն զրուցել է վրացագետ Ալիկ Էրոյանցի հետ:

– Պարոն Էրոյանց, ինչպե՞ս կբնութագրեք Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունները, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

Ընդհանուր առմամբ սա հասարակության ակտիվ զանգվածի արձագանքն էր տեղի ունեցած միջադեպին, որ նախադրյալները տարիներ շարունակ արմատավորվել էին Վրաստանում, այսինքն՝ հակառուսական տրամադրվածությունը:

Ալիկ Էրոյանց

Գիտենք, որ պաշտոնական Թբիլիսին և վրաց հասարակության զգալի հատվածը Ռուսաստանին համարում է օկուպանտ, և բնականաբար, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է որ իր արձագանքը ստանար: Այլ հարց է, որ այդ ամենը նախաձեռնությունն էր գուցե նաև ընդդիմադիր գործիչների, ովքեր պահը շատ ակտիվ օգտագործեցին և հանրության ակտիվ հատվածին մղեցին այն արձագանքին, որին ականատես եղանք:

Իհարկե շատ վատ է, որ ոստիկանությունը նման կերպ փորձեց այդ ակտիվությունը հանդարտեցնել, եղան բազմաթիվ վիրավորներ, նույնիսկ հաղորդվել է, որ վեց մարդ է հիվանդանոցում մահացել:

Արդյո՞ք այս իրավիճակը հարևան Վրաստանում պետական հեղաշրջման կարող է հանգեցնել:

Դա առաջին հերթին կախված կլինի գործող իշխանությունների քայլերից, թե ինչպես են իրենք պատրաստվում կոնկրետ այս իրավիճակում լուծում գտնել. կլինեն հրաժարականնե՞ր, թե՞ ինչպես պահանջում են ցուցարարները, արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և եթե դրանք լինեն, ի՞նչ արդյունքներ արդեն ընտրություններից հետո կգրանցվեն: Այդ ամենից է կախված՝ ինչ կլինի: Հնարավոր է՝ շատ արագ հանդարտվի, հնարավոր է և բավականին բացասական զարգացումներ լինեն: Այս պահի իրավիճակը գնում է հանդարտեցման, սակայն միանշանակ չէ:

Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի արձագանքը, արդյո՞ք այն առավել մեծ լարման պատճառ չդարձավ:

Ռուսաստանյան կողմի արձագանքն իրավիճակը շատ ավելի լարեց, թեև ես չեմ կարող գնահատել իրենց վարքը՝ ճիշտ են արել, սխալ են արել, այնուհանդերձ, այս արձագանքը մեսիջ էր՝ ուղղված Վրաստանին: Դե բնականաբար, քաղաքական հարաբերությունները լարված են, մեսիջ էր, որ դրանք կարող են ազդել նաև տնտեսական հարաբերությունների վրա, որը վերջին տարիներին բավականին դրական արդյունքի էր հասել:

Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս իրադարձությունները տարածաշրջանի և հատկապես Հայաստանի վրա:

Շատ վատ իրավիճակ է տիրում այսօր մեր հարևան Վրաստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ հարաբերություններ ունեն Հայաստանն ու Վրաստանը: Մյուս կողմից խնդիրն առնչվում է Հայաստանի դաշնակից Ռուսաստանին: Նման իրավիճակներն առնվազն չեն կարող դրական ազդեցություն ունենալ: Մի կողմից խոսվում է այն մասին, որ այն թռիչքների մասով, որոնք կարգելվեն Ռուսաստանից դեպի Վրաստան, հոսքը կավելանա դեպի Հայաստան: Մյուս կողմից, իհարկե, գիտենք, որ Ռուսաստանն ու Վրաստանը վերջին տարիներին առևտրաշրջանառության ոլորտում զգալի աճ են գրանցել, աճ են գրանցել նաև զբոսաշրջության ոլորտում, Ռուսաստանը պիտի առաջին տեղում լիներ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թվով, և իհարկե այս ամենը տանում է բացասական հետևանքների, և այս ամենը Հայաստանի համար միայն բացասական է, այսինքն՝ որքան իրավիճակը լարվի Վրաստանում, որքան հարաբերությունները լարվեն Վրաստանի և Ռուսաստանի միջև, սա ոչ մի լավ բան Հայաստանի համար չի բերի:

       

Հերմինե Ղարիբյան

 

 

Ավելին
Back to top button
Close