Նորություններ

«ՍԴ-ն կարող է որոշել ընդհուպ մինչև Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնել». սահմանադրագետ

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությանը և առհասարակ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, ընդգծեց, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը հակասահմանադրական, անօրինական և հակաօրինական հայտարարություն է, և կոչ արեց լուրջ չվերաբերվել:

«Տրամաբանորեն վերցնենք, եթե քաղաքական մեծամասնության համաձայնությունը չլիներ, կարծում եմ՝ Վահե Գրիգորյանը նման հայտարարություն չէր անի, բայց անկախ քաղաքական մեծամասնության աջակցությունից և համաձայնությունից՝ դա բացարձակ անտրամաբանական հայտարարություն է: Ո՛չ Սահմանադրությամբ և ո՛չ Սահմանադրական դատարանի մասին օրենքով նման ընթացակարգ գոյություն չունի»,- նշեց սահմանադրագետը:

Նրա խոսքերով՝ եթե նման արտահայտություն թույլ տար կենցաղային մտածելակերպով գրագիտություն չունեցող որևէ քաղաքացի, դա նորմալ կլիներ, բայց եթե նման հայտարարություն թույլ է տալիս ընտրված ՍԴ դատավորը, դա մտածելու լուրջ տեղիք է տալիս:

ԳԱԼԱ-ի հարցին, թե Սահմանադրական դատարանը պետք է արդյոք արձագանքի Վահե Գրիգորյանի հայտարարությանը, սահմանադրագետը պատասխանեց.

«Սահմանադրական դատարանի մասին օրենքը հստակ սահմանում է, որ եթե ՍԴ դատավորի կողմից թույլ է տրվում օրենքի խախտում, կարգապահական խախտում և այնպիսի վարքագիծ, որը վարկաբեկում է Սահմանադրական դատարանը, տվյալ պարագայում այդ հայտարարությունը վարկաբեկում է Սահմանադրական դատարանը, այդ հիմքով կարող են որոշել ընդհուպ մինչև Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնել»:

Սահմանադրագետի համոզմամբ՝ Սահմանադրական դատարանն իր օրինականության ոլորտում կարող է հստակ արձագանքել և օրինական ներգործության միջոցներ կիրառել.

«Անկախ Հրայր Թովմասյանի հանդեպ ունեցած որևէ մեկի վերաբերմունքից՝ լավ կամ վատ, գործող Սահմանադրության համաձայն նա Սահմանադրական դատարանի նախագահն է, և նրան այդ պաշտոնից հեռացնելու բացառապես մեկ օրինական միջոց կա. դա նրա հրաժարականն է: Քանի նա հրաժարական չի տվել, ցանկացած միջոցով նրան պաշտոնից հեռացնելը կլինի հակասահմանադրական, անօրինական քայլ»,- նշեց Վարդան Այվազյանը:

 

Back to top button
Close