ՄիջազգայինՆորություններ

Թբիլիսիում բախումների հետեւանքով տուժածների թիվը հասել է 240-ի

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում բախումների հետեւանքով տուժել է 240 մարդ՝ այդ թվում 80 ոստիկան: Այդ մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ԱԻ համակարգման կենտրոնի ղեկավար Ավթանդիլ Տալակվաձեն:

Նրա խոսքերով՝ ներկայումս հիվանդանոցներում բուժօգնություն է ստանում 102 մարդ: Տուժածների շրջանում նաեւ լրագրողներ կան:

Վրաստանի առողջապահության փոխնախարար Զազա Բոխուան հայտնել է, որ տուժածների մեծամասնության մոտ աչքի վնասվածքներ են, կոտրվածքներ եւ հոդախախտում: Նա ավելացրել է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում է, իսկ երկուսին վիրահատում են:

Վրաստանի մայրաքաղաքում անկարգությունները սկսվեցին հունիսի 20-ի երեկոյան: Առիթ էր հանդիսացել այն փաստը, որ ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը Միջխորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին եւ արտահայտվել էր ռուսերենով:

Ցուցարարները պահանջում են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ՆԳՆ ղեկավար Գեորգի Գախարիայի եւ Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի հրաժարականը:

Վրացական ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Գավրիլովն իբր մասնակցել է Վրաստանի դեմ պատերազմական գործողությունների՝ Աբխազիայի կողմից:

Գավրիլովը հերքել է այդ տեղեկությունը, եւ նշել, որ երբեք չի կռվել թեժ կետերում ու չի եղել Աբխազիայում:

Ցուցարարները գրոհել են խորհրդարանի շենքը, սակայն իրավապահ մարմինները նրանց հետ են մղել՝ կիրառելով ակուստիկ նռնականետեր, արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close